Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը քննարկում են էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծումը

Ռուսաստանն, Իրանն ու Ադրբեջանը համագործակցում են էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծման հարցում․ այս մասին ադրբեջանական AzerTag գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հուղարկավորությանը։ 

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը, Ադրբեջանի ու Իրանի հետ աշխատում ենք էլեկտրաէներգետիկ միասնական գոտու ստեղծման ուղղությամբ»,- ասել է Նովակը՝ շեշտելով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին են իրագործում պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մեջ չմտնող երկրների միջև նավթային շուկայի հավասարակշռմանը։

Նովակի խոսքով՝ «Ադրբեջանն այստեղ զբաղեցնում է առանցքային տեղերից մեկը», բացի այդ, երկու երկրները «շարունակում են համագործակցությունը գազի ոլորտում»։ ՌԴ էներգետիկայի նախարարի համոզմամբ՝ դա Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության «ամենահեռանկարային ուղղություններից է»։