Դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես․ Սերժ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նա շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ:

Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:

Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում:

Տրանսպորտի խնդրի մասին

Երևան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթևեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երևույթ: Երևանցիների և հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա․ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում:

Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել:

Աղբահանության մասին

Մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ողջ գործընթացը: Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երևանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է:

Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում:

Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները:

Համատիրությունների ու վերելակների մասին

Նորովի պետք է քննենք և լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին:

Նման դրական օրինակներ ունենք, և այդ մշակույթը ևս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով:

Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես․ Սերժ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանին

Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը: