Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում են (լրացված)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է Իգոր Պոպովը:

Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ:

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ: