Հայաստանում ստեղծարար ոլորտի հեռանկարները. 7 խորհուրդ փորձագետներից

Հունիսի 9-ին Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում անցկացվեց Creative Armenia ֆորումը։ Ֆորումի նպատակն էր ուրվագծել Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը՝ համախմբելով քաղաքականություն իրականացնողներին, մշակութային գործիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, բիզնեսի զարգացման մասնագետներին, կրթության ոլորտի փորձագետներին և ստեղծարար ոլորտի ներիկայացուցիչներին: ՍիվիլՆեթի թղթակից Մարիա Հովսեփյանը զրուցել և գրի է առել ֆորումի մասնակիցներից մի քանիսի մտքերը։

Քրիստինա Ֆարինան՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ։Քրիստինա Ֆարինա, ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ։

Խաչվող ոլորտներ

Ստեղծարար արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է միասնական և համակարգային պատկերացում ունենալ, թե ինչպես դա պիտի արվի։ Առաջին հերթին պետք է ներգրավել քաղաքականություն մշակող մարմիններին, անձանց։ Այս պարագայում մշակույթի, արտաքին գործերի, կրթության և տնտեսության նախարարությունները, ինչպես նաև սփյուռքը պիտի միասին ապահովեն այդ զարգացումը։ Նրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներն ու պատասխանատվության շրջանակներն ունի, որոնք սակայն խիստ փոխկապակցված են։

Համագործակցություն՝ մրցակցության փոխարեն

Ստեղծարար համայնքները պիտի հասկանան, որ միայն միավորվելով և շփվելով կկարողանան ազդել ստեղծարար արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ այլ պատասխանատու մարմինների վրա։ Այստեղ չկա մրցակցություն, կա միայն համագործակցության արդյունքում ստեղծվող արժեք։ Ստեղծարար կազմակերպությունները փոքր են և անհրաժեշտ միմյանց։ Բացի այս, ինքնակազմակերպվելով, աջակցելով միմյանց, նրանք կարող են ստեղծել հարթակներ, որտեղ կկարողանան ներգրավել նաև երիտասրադներին։

Բազմազանություն

Չի կարելի կենտրոնանալ ստեղծարար ոլորտի մեկ կամ մի քանի ճյուղերի զարգացման վրա։ Սա անիմաստ է։ Եթե որոշում ենք զարգացնել համակարգչային խաղերի ոլորտը, ապա շատ շուտով պարզվում է, որ դրանց ստեղծման համար հարկավոր են սցենարիստներ՝ մարդիկ, որոնք պատմություններ կստեղծեն, երաժիշտներ, դիզայներներ և այլն։ Հավասարաչափ ներդրումներ կատարելով բոլոր հնարավոր ուղղություններով և թույլ տալով ստեղծագործողներին, ստեղծարարներին գտնել հմտությունների կիրառման ոլորտները և հնարավոր համադրությունները, կարելի է հույս ունենալ, որ զարգացումը կընթանա բնականոն հունով։ Սա էկոհամակարգի մի մասն է, որը պիտի ամբողջական լինի և սնուցվի տարբեր աղբյուրներից։

Անամարիա Ուիլսը մշակութային և ստեղծարարության հարցերով խորհրդատու, «Քորդի Ուլիս» գործընկերության անդամ, Ստեղծարար արդյունաբերությաունների զարգացման նախկին տնօրենն է։Անամարիա Ուիլս, մշակութային և ստեղծարարության հարցերով խորհրդատու, «Քորդի Ուլիս» գործընկերության անդամ, Ստեղծարար արդյունաբերությաունների զարգացման նախկին տնօրեն։

Քարտեզավորում

Հարկավոր է սկսել քարտեզավորումից։ Կարելի է անցնել բոլոր քաղաքներով, իրականում երկրների մեծամասնությունը սկսում է քաղաքից։ Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ և ինչպիսի տաղանդներ կան, ինչ են նրանք անում և ներդրումներ կատարել ուժեղ ճյուղերի մեջ։ Դա կարող է լինել դիզայնը, երաժշտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Կարևոր է հասկանալ, որ համաշխարհային շուկայում տեղ գտնելու համար, նրանք աջակցության կարիք կունենան։

Հմտությունների զարգացում

Ի՞նչ է հարկավոր ստեղծարար արդյունաբերության ցանակացած ճյուղի կայուն զարգացման համար. առնվազն երկու տեսակի հմտություններ։ Եթե հարկավոր են թատրոնի ռեժիսորներ, նրանց պետք է կրթել։ Ոլորտին հարկավոր են նաև հատուկ հմտությունների տիրապետող գործարարներ։ Ի դեպ, շատ ավելի հեռանկարային է կենտրոնանալ ոչ թե համալսարանական կրթության, այլ կոմպետենցիաների մակարդակի բարձրացման վրա։ Պետք է հավասար ներդրումներ կատարել երկու տեսակի հմտությունների զարգացման մեջ, օգնել ստեղծարար մարդկանց երկու վագրի հեծնել, որովհետև երբ նրանք հասկանան, որ ստեղծարարությամբ հնարավոր է գումար վաստակել և դադարել սպասել պետության կամ ներդրողների աջակցությանը, նրանք կկարևորեն գումար վաստակելու նշանակությունը։ Նրանք կշարունակեն ստեղծագործել, միևնույն ժամանակ, գումար վաստակելով, կկարևորեն անկախության գինը։ Սա կքաջալերի՝ զարգացնելու և ընդլայնելու սեփական բիզնեսը։

Փոքր կազմակերպություններ

Տնտեսության կարգախոսն է՝ կարևորը աճն է, եթե ձեռնարկատեր ես, ձգտիր ընդլայնել ձեռնարկությունդ։ Իրականում, Եվրոպայում 60.000 խոշոր մեքենաշինական ձեռնարկություն կա և 1.3 մլն ստեղծարար արդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություն։

Նայելով այս տարբերությանը, պետք է հասկանալ, որ աճը ոչ միայն ուղղահայաց կարող է չափվել, այլև հորիզոնական։ Այս ոլորտում շատ ավելի լավ է ունենալ բազմաթիվ մանր ձեռնարկություններ, քան մի քանի խոշոր կազմակերպություն։ Սա է ստեղծարար սեկտորի էկոլոգիան։

Իրյո Օյասար, «Սոլոն» գործըներության գլխավոր բաժնետեր, Wize Guys and GameFounders սթարթափի խորհրդատու, ստեղծարար արդյունաբերության զարգացման, ռիսկային կապիտալի և հովանավորչական ներդրումների փորձագետ

Ներքին ռեսուրսի արդիականացում

Հայաստանում մարդիկ շատ ստեղծարար են, ինքնուրույն ու նորարար մտածելակերպ ունեն։ Այս առումով Հայաստանը շատ շահեկան դիրքում. կարիք չկա մասնագետներ և գաղափարներ ներկրել։ Խնդիրն այն է, որ ոլորտը նոր է զարգանում, և շատերին դեռևս հասկանալի չէ։ Անհրաժեշտ է ծանոթանալ միջազգային փորձին, գործիքներին և գործընթացներին։ Ինչպես, օրինակ, թենիսի դեպքում, եթե դու շատ լավ ես տիրապետում թենիսին, սակայն քո միակ փորձառությունը միայն քո երկրի հետ է կապված, դու չես աճի։ Անհրաժեշտ է միջազգային մրցույթների մասնակցել, համեմատել քո հմտություններն այլ խաղացողների հմտությունների հետ։ Հայաստանի ստեղծարար ոլորտի մասնագետները պետք է համաշխարհային փորձ ձեռք բերեն միջազգային մակարդակի վրա և ստեղծել ցանց, որը կօգնի գաղափարներ զարգացնել։

Մեկնաբանել