Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խիստ մտահոգիչ է ՆԱՏՕ-ի համար

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խիստ մտահոգիչ է ՆԱՏՕ-ի համար․ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

Հունիսի 12-ին Երևանում հրավիրած ասուլիսին, պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի և ՆԱՏՕ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին, Ափաթուրայն ասել է․

«Մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է հիմա՝ և՛ առանձին դաշնակիցների, և՛ ընդհանուր ՆԱՏՕ-ի շրջանում, քանի որ վերջին շրջանում զինված բախումներն ավելացել են, ռազմատենչ հռետորաբանությունը աճել է, կան տուժածներ։ Առհասարակ իրավիճակը խիստ մտահոգիչ է»:

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս ԱփաթուրայըԱփաթուրայը նշել է, որ իրենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակին սերտորեն հետևում են․ «Մեր հստակ դիրքորոշումն է՝ ամեն կերպ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք, անշուշտ, կսատարենք խնդրի հանգուցալուծմանն ուղղված թե՛ երկու երկրների ձեռնարկած քայլերին, թե՛ Մինսկի խմբին»:

Խոսելով Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պահպանելու մասին՝ Ափաթուրայը նշել է, որ լիովին հարգում են Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ «Մեզ համար բնավ մտահոգիչ չէ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին: ՆԱՏՕ-ի տեսանկյունից՝ Հայաստանը եղել և շարունակում է մնալ վստահելի գործընկեր»:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան ընդգծել է, որ դաշինքը Հայաստանի հետ կշարունակի հաստատուն համագործակցությունը և գործնական աշխատանքը բոլոր այն ուղղություններով, որտեղ այն ողջամիտ կհամարվի: