Պետեկամուտների կոմիտեն հաստատում է «Քեթրին գրուպ»-ում ստուգումները

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաստատում է, որ «Քեթրին գրուպ»-ում ստուգումներ է իրականացնում։

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՊԵԿ-ը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ ՊԵԿ-ի 50 աշխատակիցներ հունիսի 8-ին մուտք են գործել «Քեթրին գրուպ», առգրավել համակարգիչներն ու փաստաթղթերը։ ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ««ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում»։

Այս տարվա առաջին եռամսյակում «Քեթրին գրուպը» նվազեցրել է հարկերը՝ վճարելով 289 միլիոն դրամ հարկ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 304 միլիոն դրամի դիմաց։

Արևադարձային մրգերի ներկրմամբ զբաղվող «Քեթրին գրուպը», ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին, որը նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադրիր կատարման ծառայության պետի պաշտոնը։ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տվեց, երբ նրա անունը հայտնվեց Պանամական օֆշորի սկանդալային բացահայտումներում։

Լուսանկարը՝ Aravot.am-ից։

Մեկնաբանել