Ձեր «սև ցուցակ»-ների մասին մի մոռացեք

Հայկական պաշտոնական և կուսակցական քարոզչության համար անհրաժեշտ սնունդ է Բաքվի «սև ցուցակը»։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները անցանկալի անձ են հռչակում բոլոր կամ գրեթե բոլոր արտասահմանցիներին, ովքեր առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելում են Արցախ։

Բաքվի իշխանությունների անհեթեթությունը կարելի կլիներ հասկանալ, եթե, ասենք, Ադրբեջանից դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ թռիչքներ լինեին, եթե ավտոբուսներ աշխատեին, եթե սահման լիներ։

Արցախ-Ադրբեջան սահմանը այսօր հակամարտ բանակների՝ ականապատ տարածքներով ու խրամատներով, ինժեներական ենթակառուցվածքներով շփման գիծ է, որը անցանելի է (երբեմն՝ անհաջող) դիվերսանտների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, եթե Երևան/Ստեփանակերտը և Բաքուն նման պայմանավորվածություն են ձեռք բերում։

Բաքուն «սև ցուցակ» կազմելով փորձում է միջազգայնորեն իրականացնել հակահայ քարոզչություն, «տաք» պահել Ղարաբաղյան թեման, ինչպես նաև զսպել այն մարդկանց հնարավոր այցերը, ովքեր պատրաստվում են լինել Արցախում։ Այդ «սև ցուցակի» պատճառով որոշ քաղաքական ու պետական գործիչներ, երգիչներ ու այլ նշանավոր անձինք երբեմն խուսափում են Արցախ այցելությունից։

Բերեմ օրինակ։ Մայիսին ես Օտտավայում՝ Կանադայի խորհրդարանի շենքում, խորհրդարանականների համար դասախոսություն կարդացի Արցախի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով։ Արցախով հետաքրքրված պատգամավորներին ասացի, որ եթե հետաքրքրված են Արցախով, ապա կարող են այցելել և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Պատգամավորներից մեկը անմիջապես հիշեցրեց, որ Բաքուն ունի «սև ցուցակ», իսկ Կանադայի արտգործնախարարը հորդորել է զգույշ լինել։ Մեկ այլ պատգամավոր, որ, թվում է, պատրաստվում է առաջիկայում այցելել Արցախ, հումորով փակեց թեման՝ եթե մեր արգործնախարարի հորդորները լսենք, ապա այս շենքից չպիտի դուրս գանք։

Հիմա վերադառնանք հայկական պաշտոնական և կուսակցական քարոզչությանը, որը տարբեր՝ պաշտոնական, խորհրդարանական, ոչ պաշտոնական, Հայ դատի և այլ մակարդակներում անդադար հիշեցնում է Բաքվի «սև ցուցակի» մասին։ Եվ դա բնական է։ Հայաստանն ու հայկական աշխարհը քարոզչական պատերազմի մեջ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հայկական պաշտոնական և կուսակցական քարոզչությունը ևս ունի «սև ցուցակներ»

Բայց այստեղ մի բայց կա։ Հայկական պաշտոնական և կուսակցական քարոզչությունը ինքը ևս ունի «սև ցուցակ»-ներ, որտեղ ներառում է հայ քաղաքական, հասարակական գործիչների, փորձագետների, քաղաքագետների ու լրագրողների, ովքեր քննադատում են Հայաստանի իշխանությունների, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, անդադար հիշեցնում կոալիցիոն կառավարությանը, որ երկիրը արտագաղթի պատճառով արյունաքամ է լինում, որ երկրի պարտքը հասել է 6 միլիարդի, որ աղքատությունը ավելացել է և այլն։

Ու քանի որ իշխանություններին ու մերձիշխանական կուսակցություններին այդ հետևողական քննադատությունը դուր չի գալիս, նրանք ևս պահում են իրենց «սև ցուցակ»-ները, որոնց անունը պարտադիր չէ լիներ հենց «սև ցուցակ»։ Եվ դա նորություն չէ։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում մի քանի գործիչների, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Կարապետյանի, Ալեքսանդր Արզումանյանի մուտքը իշխանական հեռուստաընկերություններ, արգելված էր։ Հայտնի են նաև նախագահականի նախկին և ներկա պաշտոնյաները, կուսակցական ֆունկցիոներները, ովքեր հետևում են, որ անցանկալի հայ քաղաքական, հասարակական գործիչները, փորձագետները, քաղաքագետներն ու լրագրողները հանկարծ չհայտնվեն իշխանական և կուսակցական լրատվամիջոցներում։ Այդ սուրբ նպատակի համար անգամ ներքին շրջաբերականներ են տարածում։

Մենք, անշուշտ, բնական ենք համարում, որ Հայաստանում գործում է «սև» կամ անցանկալի անձանց ցուցակները, որովհետև Հայաստանը ավտորիտար պետություն է, իսկ ավտորիտար բոլոր պետություններում է այդպես (Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, տոտալիտար է)։

Այնպես որ, երբ ամենուր, աջ ու ձախ, Եվրոխորհրդարանի ու այլ ամբիոններից դատապարտում եք Բաքվի «սև ցուցակը», հիշեք կամ իմացեք, որ Ձեր ու մեր երկրում էլ կան «սև ցուցակ»-ներ։ Ու այդ մասին գիտեն նաև նրանք, ում մոտ բողոքում եք Բաքվի «սև ցուցակ»-ից։