«Ստեղծարար Հայաստան». լավագույն յոթ ստարտափները

Հունիսի 10-ին և 11-ին ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Ստեղծարար Հայաստան» բիզնես առաջնությունը։

Առաջնության նպատակն էր խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը՝ որպես կենսամակարդակի բարձրացման գործիք Հայաստանում, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և ստեղծարար մասնագետներին ապահովել նոր նախագծերի կամ փոքր բիզնեսների զարգացման մեթոդներով։

Առաջնությանը կարող էին մասնակցել կատարողական արվեստի, աուդիո-վիզուալ արվեստի, տեխնոլոգիաների, դիզայնի և տպագրության, երաժշտության և մշակույթի կառավարման ոլորտներին վերաբերող նորարարական բիզնես առաջարկներ ու նախաձեռնություններ։

111 կրեատիվ գաղափարներից առաջնության մասնակցության համար ընտրված լավագույն 53 նախագիծ ներկայացրած թիմերն աշխատեցին իրենց առաջարկների վրա մենթորների ղեկավարությամբ, որոնց խնդիրն էր աջակցել ստարտափների մրցունակ բիզնես մոդելների ստեղծմանը:

Երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց 7 թիմ, որոնցից յուրաքանչյուրն իր մշակած բիզնես մոդելը ներկայացրեց գործարարներից և մշակույթի ոլորտի փորձագետներից կազմված ժյուրիի դատին, ինչից հետո ժյուրին ընտրեց 3 հաղթող թիմերին։

«Թոնիր» հարսանեկան գյուղ

1-ին տեղ

Մրցանակը՝ 500.000 դրամ, «Այբ» դպրոցի կողմից։ 

Նախագծը երիտասարդ մի զույգի մտահղացումն է։ Ցանկանալով ամուսնանալ հայկական ավանդական ոճով և չգտնելով որևէ կազմակերպություն, որ կմատուցի նման ծառայություն, երիտասարդները որոշել են Սյունիքում ստեղծել հարսանեկան գյուղ, որտեղ հյուրերը կկարողանան մի քանի օր անցկացնել գեղեցիկ բնության գրկում, վայելել հայկական ավանդական խաղերը, ճաշատեսակները, երգն ու պարը, ինչպես նաև կարճ շրջայցեր կատարել դեպի տեղի տեսարժան վայրեր։ Ըստ հեղինակների՝ նախագիծը ոչ միայն յուրահատուկ ծառայություն կմատուցի ցանկացողներին, այլև կաշխուժացնի տեղական համայնքի կյանքը և տնտեսությունը։

«Այլ կերպ» սեղանի խաղեր

2-րդ տեղ

Մրցանակը՝  երեք ամսվա ակսելերացիոն ծրագիր, Biz nest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից։

«Այլ կերպ»-ն առաջարկում է ժամանակ անցկացնել ընտանքի և ընկերների հետ, կախված չլինելով համացանցի հասանելիությունից կամ մարտկոցներից։ Ընկերության սեղանի խաղերն ուղղված են հայերեն լեզվի բարելավմանը և քարոզում են կենդանի շփում։ Երկու տարվա ընթացքում «Այլ կերպ»-ը վաճառել է շուրջ 8000 օրինակ խաղ։ Այժմ ստարտափը պատրաստվում է մուտք գործել վրացական շուկա։

Busticks

3-րդ տեղ

Մրցանակ՝ «Բյուրո» համատեղ աշխատանքային տարածքում մեկ ամիս անվճար աշխատելու հնարավորություն։

Busticks-ն առաջարկում է ավտոբուսային տուրեր Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի տեսարժան վայրերով։ Պատվերները կատարվում են հեռախոսային հավելվածի միջոցով։ Օգտատերը  թողնում է իր դիմումը և ստանում շրջայցի առաջարկ՝ լավագույն գներով։

Ololo

Ololo-ն ինտերակտիվ շրջիկ տիկնիկային թատրոն է, որի ներկայացումներին կարող են մասնակցել երեխաներ՝ սկսած նախադպրոցական տարիքից։ Թիմում երեք դերասան և  հիմնադիրն են։ Ըստ թիմի մտահղացման՝ ներկայացման ընթացքում երեխաները կարող են մոտենալ բեմին և փոխել, թե հեքիաթի ընթացքը, թե դեկորացիաները և հարաբերվել հերոսների հետ։ Ակնկալվում է, որ նախագիծը կարող է նաև սոցիալական նշանակություն ունենալ՝ մատուցելով ուսուցողական նյութ և ներգրավելով խոցելի խմբերին պատկանող երեխաներին։

Motion stories

Motion stories-ի թիմն նախատեսում է պատմություններ պատմել նկարների միջոցով, որի համար նրանք առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա ներբեռնել իր նկարները ցանկացած հերթականությամբ և հավելվածի տրամադրած գործիքների միջոցով «կենդանացնել», այսինքն՝ շարժվող տարրերով հարստացնել նկարները։ Բացի դրանից, հարթակը ենթադրում է հղումների համակարգ ունենալ, որը կկապի պատմությունները՝ ըստ թեմայի կամ բառի և հնարավորություն կտա նավարկել միմյանց հետ տրամաբանորեն կապված պատմություններով։

Own and share

Own and share հեծանիվների ավտոմատացված վարձակալության համակարգի տարբերությունն այլ նմանատիպ ծառայություններից այն է, որ օգտատերը կարող է սեփական հեծանիվը ներմուծել համակարգի մեջ։ Հեռախոսային հավելվածի շնորհիվ՝ յուրաքանչյուր ոք կկարողանա համակարգում գրանցած հեծանիվներից գտնել իր շրջակայքում կայանած հեծանիվը, օգտվել դրանից և թողնել ցանկացած վայրում։ Նախագծի գլխավոր բաղադրիչը հատուկ էլեկտրոնային կողպեքն է, որը կառավարվում է նույն հավելվածի օգնությամբ և ապահովագրում օգտատիրոջ հեծանիվն առևանգումից։

Go to concert

Նախագիծը ենթադրում է համերգների նախնական պլանավորման հարթակի ստեղծում։ Go to concert-ի օգնությամբ համերգների կազմակերպությամբ զբաղվող ցանկացած ոք հնարավորություն կունենա կազմել առցանց  հարցաշար, որպեսզի պարզի, թե որ արտիստը կամ խումբը պահանջարկ ունի հանդիսատեսի շրջանակում։ Համակարգը թույլ կտա կատարել նաև տոմսերի նախնական վաճառք։

Առաջնության ընթացքում, բացի մենթորական աջակցությունից, կիսաեզրփակիչ փուլ անցած 25 թիմը նաև ոլորտի առաջատար մասնագետներից մեկի՝ Մայքլ Մաքքարթիի վարպետության դասին մասնակցելու հնարավորություն ստացավ։ Գործարարության, առաջատարության և հանրային խոսքի դասընթացների հեղինակ Մաքքարթին սովորեցրեց, թե ինչպես է պետք գաղափարը ներկայացնել “հրեշտակ” ներդրողներին։

Թեև առաջնությունը չէր ենթադրում ներդրողների հետ կապի հաստատում հենց միջոցառման ընթացքում, ստարտափերից մի քանիսն արժանացան ժյուրիի անդամների ուշադրությանը և նախագիծը քննարկելու առաջարկներ ստացան։ Բացի այդ, մասնակցիներից ոմանք, ծանոթանալով միմյանց գաղափարներին,  հետագայում համագործակցելու հնարավորություններ բացահայտեցին։

Մարիա Հովսեփյան