Էստոնիան հուսով է՝ ԵՄ-ում իր նախագահության օրոք կստորագրվի ԵՄ-ՀՀ Գործընկերության համաձայնագիրը

Էստոնիան հուսով է՝ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարար Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ նախարար Միկսերը նախագահին ներկայացրել է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:

Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում են ունեցել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել և խորացնել քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, զարգացնել համագործակցությունը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն ընդգծել է, որ Էստոնիան ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Մեկնաբանել