Պետեկամուտների կոմիտեում խոշորածավալ փոփոխություններ են իրականացվում 

Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) խոշորածավալ փոփոխություններ են իրականացվում, գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա․ այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ կոմիտեում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը։

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով հարկային ծառայության առաջիկա անելիքներին: ՊԵԿ ղեկավարը հստակ խնդիր է դրել՝ իրականացնել համակարգային և որակական փոփոխություններ՝ կարճ ժամանակում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները: Անդրադառնալով ՊԵԿ-ում մեկնարկած կառուցվածքային և կադրային փոփոխություններին, կոմիտեի ղեկավարը շեշետել է, որ համակարգի ստեղծումից ի վեր, երկրորդ անգամն են նման խոշորածավալ փոփոխություններ իրականացվում. «ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»:

Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև իրավական հատվածի բարեփոխումների արդյունավետության բարձրացումը: Կոմիտեի ղեկավարը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ դեռևս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռևս ահազանգեր կան:

Կոմիտեի նախագահը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար, ազատականացնել ընթացակարգերը և մատուցել բացառապես որակյալ ծառայություն. «Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»:

ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ու հորդորել՝ չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:

Մեկնաբանել