Եղնուկյանի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան

Վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով դատական նիստը հունիսի 14-ին տեղի չունեցավ։

Պատճառն այն է, որ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին դատական կարգադրիչները թույլ չեն տվել մուտք գործել դատարան՝ պահանջելով զննության ենթարկել նրա պայուսակը։ Փաստաբանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ մերժել է այս պահանջը, քանի որ այն «անօրինական է և հակասում է «Փաստաբանության մասին» օրենքի մի մի շարք կետերի»։

«Նախկինում մետաղյա որսիչ սարքով, եթե ազդանշան էր լինում, նոր փաստաբանների պայուսակները զննում էին, սակայն այս դեպքում անգամ մետաղյա որսիչ չեն կիրառել և պահանջել են զննել պայուսակը»,- հայտարարեց Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ նիստին միևնույն է՝ Եղնուկյանը ներկա չէր լինելու, և մասնակցելու էին դատախազն ու դատավորը։

«Համոզված եմ, որ դատական դեպարտամենտի ղեկավարի հրահանգն է սա։ Ինձ կարգադրիչները ակնհայտորեն ստում են՝ հայտարարելով, որ 3 տարի է, ինչ զննվում են փաստաբանների պայուսակները, սակայն դա սուտ է։ Մեր պայուսակները Վերաքննիչ քրեական դատարանում երբեք չեն խուզարկվել»,- պատմեց Հայտապետյանը՝ հիշեցնելով, որ հունիսի 13-ին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին փաստաբանները կրկին բախվել էին այս խնդրին, սակայն ի վերջո նրանց թույլ էին տվել մուտք գործել դատարան առանց պայուսակները զննելու։

Տիգրան Հայրապետյանը արձանագրեց, որ այս քայլով փաստորեն դատական դեպարտամենտի ղեկավարը իրեն «դուրս է դնում օրենքից»։

«Սրանով ուզում են ծածկել երեկ տեղի ունեցած մեկ այլ «հանցագործություն», երբ դատական կարգադրիչները Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստից առաջ գրանցում էին նիստին եկած քաղաքացիների, լրագրողների տվյալները՝ անուն-ազգանունը, անձնագրերի սերիան և այլն, ինչը անհատական տվյալների ապօրինի հավաքագրում է»,- նկատեց Հայրապետյանը՝ հավելելով, որ շուտով փաստաբանների պալատը հանդես կգա հայտարարությամբ և կդիմի Մարդու իրավունքների պաշտպանին։

Փաստաբանների պալատի հայտարարությունը

Պալատը հունիսի 14-ի իր հայտարարությունում մեջբերել է Դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որի համաձայն․

Դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը, որից ելնելով՝ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել:

Փաստաբանական պալատը հավելում է․

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000) 21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Այս պարագայում, երբ դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում է ցուցաբերում փաստաբանի նկատմամբ, այսինքն՝ նրան հրապարակային կարգով զննության է ենթարկում, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին զննության չի ենթարկում, ապա խախտվում է փաստաբանի՝ վերոհիշյալ կանոններով երաշխավորված առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատությունը:

Նման տարբերակված մոտեցման փաստի արձանագրման դեպքում փաստաբանների՝ զննության չենթարկվելու դիրքորոշումն իրավաչափ է: Վերը նշվածից հետևում է, որ անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել

«Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս։

Զննվել են դատարան մուտք գործող բոլոր անձանց իրերը՝ այդ թվում մեղադրողինը․ Դատական դեպարտամենտ

Մինչդեռ Դատական դեպարտամենտը, ի դեմս Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի, պաշտոնապես հայտարարում է, որ զննվել են դատարան մուտք գործող բոլոր անձանց իրերը՝ այդ թվում մեղադրողինը։

«Դատական կարգադրիչները ընդամենը իրենց գործն են կատարում։ Պայուսակները չեն հետախուզվում, այլ ընդամենը մետաղյա որսիչ սարքով անցակցվում է։ Եթե կասկածելի բան է թվում, խնդրում են ցույց տալ և եթե, օրինակ․ ակնոց է, կրկին հետ է դնում»,- Սիվիլնեթի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ երեկ փաստաբաններին առանց պայուսակները զննելու թույլ են տվել մտնել դատարան՝ նիստը չխանգարելու համար, սակայն «նրանց կողքը ուժեղացված ծառայություն է իրականացվել»։

Ինչ վերաբերում է դատարան մուտք գործող քաղաքացիների տվյալները հավաքագրելուն՝ Խաչատրյանը ընդգծեց, որ դա արվել է «անվտանգության նպատակներով»։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել