Պուտինը պատմել է, թե որն է Ռուսաստանի ընդդիմության խնդիրը

Ռուսաստանի ընդդիմության խնդիրը կայանում է նրանում, որ այն չի կարող շահեկան ծրագիր առաջարկել․ այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի պատրաստած ֆիլմում, որը ցուցադրվել է ամերիկյան Showtime հեռուստաալիքով։

«Ընդդիմադիր ուժերի խնդիրը նրանում չէ, որ պարզապես պայքարեն իշխանության դեմ, այլ նրանում, որ ցույց տան ընտրողներին, քաղաքացիներին, որ իրենց առաջարկած ծրագրերը ավելի շահեկան են ընտրողների շահերի տեսանկյունից»,- ասել է Պուտինը։ 

ՌԴ ղեկավարը պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն վերահսկում լրատվամիջոցները։  

«Դուք խոսեցիք լրատվամիջոցներին մատչման մասին։ Մենք ունենք հարյուրավոր հեռուստա և ռադիո ընկերություններ։ Պետությունը դրանք որևէ կերպ չի վերահսկում։ Դա պարզապես անհնար է»:

Երկուշաբթի օրը ռուսաստանյան բազմաթիվ քաղաքներում անցել են հակակոռուպցիոն ակցիաներ, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Մոսկվայում ակցիայի կազմակերպիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր համախոհներին կոչ է արել դուրս գալ Տվերսկայա փողոց՝ Սախարովի պողոտայում իշխանությունների հետ համաձայնեցված ակցիային մասնակցելու փոխարեն։  Բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան հազար մարդ, որոնցից միայն 866-ը՝ Մոսկվայում։ Իշխանությունները հայտարարում են, որ իրավապահները գործել են «արհեստավարժ և ճիշտ»։  

Մինչդեռ պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներն այդ օրը բողոքի ցույցերին գրեթե չեն անդրադարձել։ 

«Կեղտի մշտական 2 տոկոս»․ Սոլովյովը՝ ցուցարարների մասին

Կրեմլին մոտ կանգնած լրագրող Վլադիմիր Սոլովյովը չի անտեսել հունիսի 12-ի բողոքները․ իր ռադիոհաղորդման շրջանակում ցույցերի դուրս եկած մարդկանց նա անվանել է «կեղտի մշտական երկու տոկոս» և «կոռուպցիոներների զավակներ»։

«Այդ կեղտոտ սրիկաները փչացրին երեխաներ ունեցող մարդկանց տոնը»:

«Կեղտի այդ 2 տոկոսը կարծում է, որ իրենք իշխանությո՞ւն են։ Կարող են փչացնել մարդկանց տո՞նը։ Նրանք չգնացին Սոբյանինի դեմ [Մոսկվայի քաղաքապետ – ՍիվիլՆեթ], նրանք չգնացին Պուտինի դեմ։ Նրանք գնացին ժողովրդի դեմ։ Եվ եթե չլիներ ոստիկանությունը, ժողովուրդը այդ սրիկաներին կհոշոտեր»։

Հասարակությունը պետք է աստիճանաբար զարգանա 

Օլիվեր Սթոունի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը նաև անհնար է համարել Ռուսաստանում շատ արագ այնպիսի կարգերի հաստատումը, ինչպիսիք առկա են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ 

Միևնույն ժամանակ, Պուտինը հիշեցրել է, որ ավելի քան հազար տարվա ընթացքում ռուսաստանյան պետությունը եղել է միապետություն, որից հետո իշխանության են եկել կոմունիստները և միայն 90-ականների սկզբին են տեղի ունեցել իրադարձություններ, որոնք Ռուսաստանի ժողովրդավարական զարգացման նոր փուլի սկիզբ են դրել։ 

Պուտինը ամերիկացի ռեժիսորին տված հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանի «դիվային կերպար» չկերտել․ այն «ժողովրդավար և ինքնիշխան երկիր է»։ Պուտինի կարծիքով՝ աշխարհում «մատների վրա կարելի է հաշվել այն երկրներին, որոնք կարող են իրացնել իրենց ինքնիշխանությունը»։ 

Բազմաթիվ երկրներ կրում են այսպես կոչված դաշնակցային հարաբերությունների պարտավորությունները։ Ըստ էության, նրանք սեփական նախաձեռնությամբ սահմանափակել են սեփական ինքնիշխանությունը։ 

Նավալնիի վարկանիշն աճում է

Հակակոռուպիցոն կոչերով նախորդ բողոքը Մոսկվայում տեղի էր ունեցել մարտի 26-ին։ Պատճառը Նավալնիի ստեղծած Հակակոռուպցիոն հիմնադրամի՝ մարտի 2-ի հրապարակումն էր, որը բացահայտում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներգրավվածությունը կոռուպցիոն սխեմաներում, նրա ունեցվածքը։ 

Իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել բացահայտումներին։

Մինչդեռ «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալների համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում Նավալնիի վարկանիշը կրկնակի աճել է։ Եթե փետրվարին նրա օգտին պատրաստ էր քվեարկել ռուսաստանցիների միայն 5 տոկոսը, ապրիլի սկզբի դրությամբ այդ թիվը կազմել է 10 տոկոս։

Մարտյան արդյունքներով Նավալնիի մասին գիտեր ռուսաստանցիների 55 տոկոսը։ Լսածների թվում նրա օգտին հաստատապես պատրաստ էր քվեարկել 4 տոկոսը և 14 տոկոսը «հնարավոր է»՝ քվեարկեր։ 

Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմը հիմնված է ՌԴ նախագահի հետ հարցազրույցների վրա։ Դրանք նկարահանվել են 20 ժամվա ընթացքում 2015-ի հուլիսից սկսած։ Երկուշաբթի երեկոյան ամերիկյան Showtime հեռուստաալիքը ցուցադրել է ֆիլմի առաջին երկու սերիան։ Արևմտյան լրատվամիջոցներից շատերը Սթոունին մեղադրել են Պուտինի հետ սիրալիր լինելու և անգամ Կրեմլի քարոզչությունն առաջ տանելու մեջ։

 Ստելլա Մեհրաբեկյան