Կատարին մեկուսացնելը անմարդկային և հակաիսլամական է․ Էրդողան

Կատարին բոլոր ոլորտներում մեկուսացնելուն նպատակաուղղված քայլերը անմարդկային և հակաիսլամական են․ երեքշաբթի նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում կուսակիցների հետ հեռուստատեսային քննարկմանը։

AFP-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե «այս կերպ Կատարի նկատմամբ մահվան դատավճիռ է հնչեցվել»։

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ծոցի արաբական մի քանի երկիր այս ամիս խզել են հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Արաբական երկրների այս դեմարշին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա։

Կատարի ճգնաժամը նախագահ Էրդողանին և Թուրքիային դժվարին իրավիճակի առաջ է կանգնեցրել, քանի որ Անկարան Կատարին համարում է Պարսից ծոցում կարևոր դաշնակից, սակայն ձգտում է նաև պահպանել լավ հարաբերությունները տարածաշրջանային կարևոր դերակատար Սաուդյան Արաբիայի հետ։

Թուրքիան ցանկանում է նաև գործնական հարաբերություններ պահպանել Սաուդյան Արաբիայի հակառակորդ Իրանի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունի Կատարը։

Էրդողանը կտրականապես հերքել է ահաբեկչությանն աջակցելու մեջ Դոհայի հասցեին հնչեցված մեղադրանքները, պնդելով, որ այդ երկիրը եղել է «Իսլամական պետության» անդրդվելի հակառակորդը․ «Կատարը մի երկիր է, որը, ինչպես և Թուրքիան, ԻՊ-ի դեմ առավել վճռական դիրքորոշում է որդեգրել։ Եկեք դադարենք ինքնախաբեությամբ զբաղվել»։

Էրդողանը խուսափել է Սաուդյան Արաբիայի գործողությունները ուղղակիորեն քննադատելուց, բայց կոչ է արել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին ճգնաժամի կարգավորման գործում առաջնորդություն ստանձնել․

«Ես կարծում եմ, որ որպես Ծոցի ավագ պետական գործիչ, Սաուդյան Արաբիայի թագավորը պետք է լուծի այս հարցը և առաջնորդություն դրսևորի»։

Թուրքիայի խորհրդարանը անցյալ շաբաթ հավանություն տվեց Կատարում թուրքական զորամիավորում տեղակայելուն, ինչը դիտվում է աջակցություն Կատարին։

Էրդողանը նշել է, որ ճգնաժամի շուրջ եռակողմ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կատարի էմիր, Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առաջիկա օրերին Էրդողանը թեմայի շուրջ բանակցություններ կանցկացնի Թրամփի հետ։

Մեկնաբանել