Ամերիկացի կոնգրեսականը հրազենային հարձակման է ենթարկվել

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ալեքսանդրիա քաղաքում չորեքշաբթի առավոտյան հրազենային հարձակում է իրականացվել ԱՄՆ-ի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ստիվըն Սկալիզի դեմ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսականի առողջական վիճակը կայուն է։ Նա վնասվածքներ է ստացել ազդրի շրջանում, երբ հանրապետական մի քանի այլ կոնգրեսականների հետ միասին բեյզբոլի մարզումներ էր անցկացնում՝ հինգշաբթի օրն անցկացվելիք մրցումից առաջ։

Ըստ տեղից ստացված հաղորդագրությունների, հինգ անձ ևս ստացել են վնասվածքներ։ Ալեքսանդրիայի ոստիականության բաժանմունքը հայտնում է, որ կասկածյալը ձերբակալված է։

Նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել են, որ խորապես ցավում են կատարվածի համար և աղոթում նրանց արագ ապաքինման համար։

Կոնգրեսական Մո Բրուքսի խոսքերով, հրազենային վնասվածքներ են ստացել նաև իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ և Կոնգրեսի մեկ այլ աշխատակից։

Հարձակումից հետո կոնգրեսական Սկալիզը չի կարողացել ինքնուրույն հեռանալ և սողացել է հարձակումն իրականացնողից հեռանալու համար։

Հարձակման պատճառները դեռևս հայտնի չեն։

Մեկնաբանել