Ռահմոնը հայաստանյան ընկերություններին կոչ է անում ներդրումներ անել Տաջիկստանում

Մեր համոզմամբ՝ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտության լուծման ամենակառուցողական ճանապարհն են․ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար իր հայտարարությունում նշել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում, Ռահմոնի խոսքով, մտքեր են փոխանակվել Աֆղանստանի հիմնախնդրի վերաբերյալ։

«Ելնելով մեր խաղաղապահ փորձից՝ մենք մեր հավատարմությունն ենք հայտնում առկա հակասությունների և հակամարտությունների կարգավորման խաղաղ սկզբունքներին՝ համընդհանուր միջազգային նորմերի և չափանիշների շրջանակներում: Մեր համոզմամբ՝ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտության լուծման ամենակառուցողական ճանապարհն են»,- ասել է Ռահմոնը։

Տնտեսական համագործակցության համատեքստում Ռահմոնը, մասնավորապես, ասել է․«Մենք հայկական ընկերություններին կոչ ենք արել, օգտագործելով իրենց ներդրումային հնարավորությունները և նորագույն տեխնոլոգիաները, մասնակցություն ունենալ տնտեսական շահավետության տեսանկյունից հետաքրքիր մեր նախագծերին: Մեզ մոտ այդպիսի ծրագրեր առկա են էներգետիկայի, զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև, սննդի, վերամշակող արդյունաբերության, կապի ու տրանսպորտային հաղորդակցման ենթակառուցվածքների, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Մենք պատրաստ ենք դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել»։