Նավալնին չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին․ ՌԴ ԿԸՀ նախագահ

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու շանսեր չունի։

«Ես հասկանում եմ, և նա է հասկանում, որ ընտրություններում գրանցվելու շանսեր չունի դատվածության պատճառով․․․ Դա՝ ըստ օրենքի, ըստ մեր ռուսաստանյան օրենսդրության»,- Դոժդ հեռուստաալիքի եթերում ասել է Պամֆիլովան։

Նա շեշտել է, որ որպես մարմնի ղեկավար, որը գրանցելու է թեկնածուներին, ինքը «հնարավոր թեկնածուների մասին իր դիրքորոշումը բարձրաձայնելու իրավունք չունի», և Ալեքսեյ Նավալնին «սրբազան քաղաքական կով է, որին ավելի լավ է չդիպչել»։ 

ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ․ մարտի 18-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացման օրը։ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Իվանովի խոսքով՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն այս ընտրություններում առաջադրվելու իրավունք ունի։ Ինքը՝ Պուտինը, կարծում է, որ դեռ վաղ է խոսել թեկնածուների մասին։

2018-ի նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են, բացի Ալեքսեյ Նավալնիից, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին։

«Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ռուսաստանցիների 66 տոկոսը կցանկանար 2018-ից հետո Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում։

ՌԴ «Ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացին չի կարող մասնակցել ընտրություններին, եթե դատապարտվել է ազատազրկման ծանր կամ առանձնակի ծանր հանցագործությունների համար և քվեարկության օրվա դրությամբ ունի չհանված կամ չմարված դատվածություն այդ հանցագործությունների համար։

Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասով (յուրացում կամ վատնում) «Կիրովլես» գործով, որը նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Այդ հանցագործությունը դասվում է ծանրերի շարքին։

Ռուսաստանում անցած բողոքների, Նավալնիի վարկանիշի մասին ավելին՝ Պուտինը պատմել է, թե որն է Ռուսաստանի ընդդիմության խնդիրը։

Ստելլա Մեհրաբեկյան