ԱՄՆ-ում մեղադրանքներ կառաջադրվեն Էրդողանի թիկնապահների նկատմամբ

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի իշխանությունները քրեական մեղադրանքներ կառաջադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 12 աշխատակիցների և ոստիկանների դեմ, որոնք մայիսի 16-ին հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց գտնվող ցուցարարների վրա, գրում է The Washington Post-ը։

Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է, որ ձերբակալել է ևս երկու կասկածյալների՝ Սինան Նարինին Վիրջինիայից, որը մեղադրվում է ծանր քրեական հանցագործության մեջ, և Էյուփ Յըլդըրըմին՝ Նյու Ջերսիից, որը մեղադրվում է մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Ակնկալվում է, որ Նարինը հինգշաբթի օրը կլինի Վաշինգտոնի գերագույն դատարանում, իսկ Յըլդըրըմը սպասում է Նյու Ջերսիից արտահանձնման։

Իրավապահ մարմինները և փորձագետները նշում են, որ հարձակվողներին արդարադատության առաջ կանգնեցնելը կարող է բարդ լինել, որովհետև քիչ հավանական է, որ Թուրքիան կարտահանձնի կասկածյալներին կամ թույլ կտա նրանց քննել։

***

Մայիսի 16-ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով էին դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ ակտիվիստները: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ տեղի ունեցած միջադեպի մասին, որում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, իր թիկնապահներին հրահանգում է հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։

Մեկնաբանել