Չավուշօղլուն այցելում է Կատար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, ձգտում է հարթել Ծոցի ճգնաժամը

Ծոցի ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով․ Կատարի մայրաքաղաք Դոհայում հունիսի 14-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դոհայում նա հանդիպում է ունեցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Ալ-Թանիի և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամեդ բին Աբուլռահման Ալ-Թանիի հետ։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Կատարից հետո այսօր Չավուշօղլուն այցելելու է Քուվեյթ, որը նույնպես փորձում է հարթել ճգնաժամը։ Ուրբաթ օրը նախատեսված է Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Սաուդյան Արաբիա և նրա հանդիպումը թագավոր Սալմանի հետ։

«Սա անպայմանորեն պետք է հաղթահարել երկխոսությամբ և խաղաղ միջոցներով։ Թուրքիան նույնպես իր ներդրումը կանի։ Աստծո կամոք, մենք կհաղթահարենք սա, և դա է այցերի նպատակը»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Ծոցի երկրներից Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հունիսի 5-ին խզել են կապերը Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ։

Ճգնաժամը Թուրքիային դրել է դժվարին դրության մեջ, քանի որ Անկարան Դոհային համարում է առանցքային դաշնակից Ծոցում, միևնույն ժամանակ, շահագրգռված է Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ։

Թուրքիան նաև ձգտում է աշխատանքային հարաբերություններ պահպանել Իրանի հետ։

Ծոցի ճգնաժամի մասին ավելին՝ Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ։

Մեկնաբանել