Թուրքիայում 2017-ին մամուլում էթնոդավանական խմբերի մասին հոդվածներում ամենաշատը թիրախավորվել են հայերը, փաստում է Հրանտ Դինք հիմնադրամի պատրաստած զեկույցը։
Զեկույցն ուսումնասիրել է 2017-ի առաջին չորս ամիսների ընթացքում ազգային, էթնիկ ու կրոնական տարբեր խմբերի թիրախավորող 1876 հոդված ու լուր։ Դրանցում 58 տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ 2355 ատելութուն քարոզող կամ վիրավորական արտահայտություններ պարունակող նյութեր կան, որոնցից ամենաշատը՝ 439, հայերի դեմ։ Ընդ որում, ատելության օբյեկտները փոփոխվում են ըստ քաղաքական կոնյունկտուրայի։
Առաջին տեղում՝ հայերը
Ինչո՞ւ հայերը․ ըստ զեկույցի՝ դա նախևառաջ պայմանավորված է փետրվարի 26-ի Խոջալուի իրադարձություններով։ Հատկապես այդ օրերին թուրքական մամուլը ողողվում է հակահայկական նյութերով։ Դրան, իհարկե, գումարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը։ Այս օրերին նույնպես ատելություն, վիրավորանք, ժխտողականություն պարունակող նյութերի պակաս չի զգացվում։ Այդ հոդվածներն ու հրապարակումները հայի թշամու կերպար են ստեղծում։
Երկրորդ․ հայերը թուրքական մամուլի թիրախում են հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որը թուրքական աշխարհում ընկալվում և անվանվում է Ադրբեջան-Հայաստան հակամարտություն։
Հայերին վիրավորող ու ատելություն քարոզող նյութերի երրորդ խումբը, ըստ զեկույցի, ի հայտ է գալիս PKK – ԱՍԱԼԱ նույնացման հետևանքով․ Թուրքիայում ընդունված է խոսել այս կառույցների համագործակցության մասին ու այսպիսով հայերին կապել ահաբեկչության հետ։
Բացի այդ, թուրքական մամուլում հայերի մասին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք մշտապես համարվում են Թուրքիային թշնամաբար տրամադրված կառույցների ու անհատների հովանավորողներ ու աջակիցներ։
Երկրորդ տեղում՝ սիրիացիները
Թուրքական մեդիայի թիրախում հայերից հետո ամենաշատը հայտնվում են սիրիացիները՝ 433 անգամ։ Սիրիացի փախստականները փոքր-ինչ դժվարեցրել են թուրքերի կյանքը․ նրանց ասոցացնում են ահաբեկչության և անապահովության հետ: Թուրքիայի տնտեսական վիճակի վատթարացումը նույնպես ոոշակի ազդեցություն է ունենում սիրիացիների նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի վրա։ Բացի այդ, նկատվում է վախ, որ Սիրիայից եկած փախստականները կարող են որոշ վայրերում փոխել էթնոժողովրդագրական պատկերը։
Երրորդ տեղում՝ հրեաները, հետո՝ քրիստոնյաները, ապա՝ հույները
Երրորդ տեղում հրեաներն են, դրանից հետ ընդհանրապես քրիստոնյաները, ապա՝ հույները։ Եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունների լարումից հետո թուրքական մամուլում գերմանացիների ու հոլանդացիների նկատմամբ նույնպես վիրավորանք պարունակող արտահայտություններ են հայտնվում։
Ատելություն պարունակող նյութերը հրապարակող թերթերը Թուրքիայում ամենաազդեցիկներից ու ամենաշատ տպաքանակ ունեցողներից չեն։ Ատելություն պարունակող նյութերով աչքի են ընկնում Milli Gazete-ն, Yeni Söz-ը, Yeniçağ-ը, Milat Gazetesi-ն և այլն։
Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինք հիմնադրամի զեկույցը ներկայացրել է Թուրքիայի խորհրդարանում և ասել, որ ատելություն քարոզողները պետք է խստորեն պատժվեն Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։