Եվրախորհրդարանը դատապարտում է Մուխթարլիի առևանգումը, Վրաստանին և Ադրբեջանին հիշեցնում իրենց պարտավորությունները

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Թբիլիսիից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումը և Բաքվում կամայական ձերբակալությունը՝ դա համարելով մարդու իրավունքների լուրջ խախտում։

Բանաձևը դատապարտում է այդ ծանր օրինախախտումը; կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել արագ, մանրակրկիտ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն; մեծապես կարևորում է այն, որ վրաստանյան իշխանությունները գործադրեն ամեն ջանք՝ բացահայտելու և փարատելու կասկածները՝ կապված լրագրողի բռնի անհետացման գործում Վրաստանի պետական գործակալների ներգրավվածության հետ; հիշեցնում է, որ Վրաստանի իշխանությունների պարտավորությունն է ապահովել Վրաստանում ապրող կամ քաղաքական ապաստան հայցող՝ երրորդ երկրների քաղաքացիերի պաշտպանությունը, որոնք իրենց երկրներում առերեսվում են հնարավոր դատական հետապնդման, հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի կողմ է Վրաստանը։

Բանաձևում Ադրբեջանին ուղղված կոչերում, մասնավորապես, խոսք է գնում Մուխթարլիին անհապաղ ազատ արձակելու մասին։ Բացի այդ, Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում առհասարակ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ և կոչ անում ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Բանաձևի վերջում Եվրախորհրդարանը շեշտադրում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության նոր համաձայնագրի կարևորությունը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը, պատշաճ կառավարումը, հարգանքը մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ կազմում են համաձայնագրի առանցքը։

Աֆղան Մուխթարլիի գործի մասին ավելին՝ Թբիլիսիից առևանգված լրագրողի կինը մերժել է Վրաստանի իշխանությունների՝ քաղաքացիության առաջարկը։

Մեկնաբանել