Ինչ նոր շենքեր կհայտնվեն Երևանում․ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ծրագրերը

Երևանի Ֆիրդուսի շուկայի տարածքում շինարարական աշխատանքները ավելի մեծ թափով տեսանելի կլինեն աշնանը. հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Ամբողջ տարածքի 72 տոկոսն իրացված է, և իրացման աշխատանքները դեռևս շարունակվում են»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ծրագիրը ամբողջությամբ կարժենա մոտ 300 մլն դոլար։

Ովքե՞ր են ծրագրի ներդրողները․ ՍիվիլՆեթի այս հարցին Նարեկ Սարգսյանը պատասխանեց, թե տարբեր մարդիկ են, բայց հրաժարվեց բացահայտել նրանց անունները։

Նարեկ Սարգսյանը հանդիպմանը ներկայացրեց կառուցապատման մի շարք այլ ներդրումային ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Նա նշեց, որ իրացվել է Գլխավոր պողոտայի 70 տոկոսը, որտեղ նախատեսվում է իրականացնել Հին Երևան ծրագիրը, իսկ մնացած 30 տոկոսի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Դալմա Մոլի» հարևանությամբ` «Հայկական գյուղ» թաղամաս

«Դալմա Մոլ» առևտրային կենտրոնի հարևանությամբ կկառուցվի «Հայկական գյուղ» թաղամաս։ «Նախագիծը կոնցեպցիայի մակարդակով ավարտված է։ Նախատեսվում է 2-3 հարկանի շենքեր կառուցել։ Ներկայացվելու է Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունն իրենց առանձնահատկություններով»,- նշեց Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ թաղամասը հիմնականում լինելու է զբոսաշրջային գոտի։

«Աստաֆյան» կազինոյի շենքի տեղում՝ հյուրանոց

Շուտով կքանդվի Աբովյան 5/5 հասցեի շենքը (որտեղ գտնվում էր «Աստաֆյան» կազինոն), և այդ հատվածին ճարտարապետական դիմագծին հարիր շինություն կկառուցվի։

«Ծրագիրն ընդհանուր առմամբ կգերազանցի 30 մլն դոլարը։ Տեղում նախատեսվում է հյուրանոց կառուցել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայում գյուղինստիտուտի ետնամասում կառուցվում է և այս տարի կավարտվի Հրանտ Մաթևոսյանի թանգարանը, որն իրականացնում է քաղաքաշինության կոմիտեն։

Նարեկ Սարգսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ներկայացված ծրագրերի միջին տևողությունը լինելու է 3 տարի։ «Մինչև այս տարվա վերջ 150 մլն դրամի ներդրում, իսկ երեք տարվա մեջ 300 մլն դրամի ներդրում կլինի»,- նշեց Սարգսյանը։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել