Տուն-ինտերնատի տնօրենը չի ընդունում մեղադրանքները, բայց չի շտապում լրագրողներին տանել այնտեղ

Երևանի թիվ 1 տուն տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Վահան Զուրաբյանը հերքում է պնդումները, թե ինտերնատում անմարդկային պայմաններ են։

Armtimes.com կայքը օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր տուն-ինտերնատի վատ կենսապայանները, սնունդը, բուժսպասարկումը և տարեցների հանդեպ աշխատակիցների վերաբերմունքը։ Տեսահոլովակում տուն-ինտերնատի բնակիչները բողոքում են, որ իրենց հետ համակեցության մեջ են նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Վահան Զուրաբյանն այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ տեսանյութի ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցները չեն տեղափոխվում հոգեբուժական կլինիկա, այլ պահվում են տուն-ինտերնատում, Զուրաբյանը պատասխանեց, որ իսկապես կա մոտ երեսուն տարեց մարդ, որոնց կասկածում են, որ ունեն հոգեկան առողջության խնդիրներ, բայց նրանք դեռ չեն տեղափոխվել հոգեբուժական կլինիկա։ Նա նշեց, որ իրենց ինտերնատը կցված է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկային, որին դիմել են մայիսի 22-ին և խնդրել են հանձնաժողով կազմել ու ախտորոշում կատարելուց հետո՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցներին տեղափոխել հոգեբուժարան։

Զուրաբյանն ասաց նաև, որ թեև դիմել են գրեթե մեկ ամիս առաջ, սական Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայից պատասխան դեռ չունեն։

«Նախկինում տուն-ինտերնատներն ունեցել են հոգեբույժներ, սակայն հետագայում այդ ծառայությունը համարվել է աննպատակահարմար և տուն-ինտերնատները կցվել են հոգեբուժական կլինիկաներին։ Ես այս պահին չեմ կարող ինքնուրույն ախտորոշում կատարել և նրանց ուղարկել բուժման»,- ասաց Զուրաբյանը։

Խոսելով տուն-ինտերնատի խնդիրների մասին՝ տնօրենիպաշտոնակատարն ասաց, որ երեք ամիս առաջ է ստանձնել պաշտոնը և, չնայած, սուղ ֆինանսական միջոցներին, հասցրել է կատարել մի շարք բարեփոխումներ։

Անդրադառնալով տեսանյութում տարեցներից այն բողոքին, թե «սնունդն այնքան վատն է, որ անգամ խոզերը չեն ուտի» ձևակերպմանը, ասաց, որ ճիշտ չէ, քանի որ պաշտոնը ստանձնելուց հետո երեք անգամ բարձրացրել են մատուցվող սննդի որակը, ավելացրել են չափաբաժինները։ «Տեսանյութը ուղղորդվել է այն աշխատակիցների կողմից, որոնք չեն ցանկանում աշխատել նոր աշխատանքային ռեժիմում, որոնք սովոր էին գալ 11-ին և հեռանալ 15-ին, քանի որ հիմա ստիպված են աշխատել առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, կազմակերպել են այդ տեսանյութի նկարահանումը։ Նյութ անել, նկարահանել որոշ իմաստով ոչ ադեկվատ մարդկանց և այն իրականացնել որպես իրականություն, չեմ ուզում քննարկել»։

Նա հորդորեց լրագրողներին պարբերաբար այցելել տուն-ինտերնատ և օբյեկտիվ լուսաբանմամբ օգնել լուծելու առկա խնդիրները։ Զուրաբյանը, սակայն, լրագրողների այցը տուն-ինտերնատ հրաժարվեց կազմակերպել այս օրերին՝ նշելով, թե տարեցները հոգնած են․ հրապարակված տեսանյութի փաստով հարուցվել է քրեական գործ․ և տարեցները ստիպված են պատասխանել իրենց այցելող քննիչներին։

Տուն-ինտերնատը պետբյուջեից ստացել է 323 միլիոն դրամ

Ըստ 2017թ․ պետական բյուջեի հատկացումների՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի համար պետական հատկացումը կազմում է շուրջ 2,2 մլրդ դրամ, որից Երևանի թիվ 1 տուն ինտերնատի հետ կնքվել է սուբսիդիայի պայմանագիր մոտ 323 միլիոն դրամի չափով: 2017թ․ հունվար- ապրիլ ամիսների համար նախատեսված գումարը կազմել է 104 միլիոն դրամ, փաստացի կատարողականը՝ 103 միլիոն դրամ: Գումարները ծախսվել են տուն ինտերնատի շահառուների շուրջօրյա խնամքը և սպասարկումն իրականացնելու նպատակով: Տուն-ինտերնատում կա 250 խնամյալ։

Վերահսկիչ պալատի 2016թ ուսումնասիրությունների, ապա 2017-ի հունվարին Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է 2011-2016 թվականների ընթացքում կատարված լուրջ խախտումներ և հարուցվել է քրեական գործ։

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել