Նարեկ Տիգրանի Գասպարյան․ 4-րդ զոհը Արցախում՝ երկու օրվա ընթացքում

Արցախում կրկին զինվոր է զոհվել՝ հաղորդում է ԼՂ պաշտպանության բանակը։

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում Արցախում հակառակորդի կրակից զոհվել էին ևս երեք զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):