ԱՄՆ-ը պետք է վերաիմաստավորի քաղաքականությունը Հվ․ Կովկասում, պնդում են Քարնեգի հիմնադրամի փորձագետները

Քարնեգի հիմնադրամի փորձագետներ Փոլ Ստրոնսկին և Ռիչարդ Սոկոլսկին հոդված են հրապարակել՝ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մասին։ «Ժամանակն է վերաիմաստավորել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում» (Time to Reset U.S. Policy in the South Caucasus) հոդվածում նրանք կարևորում են Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության փոփոխությունը և ԵՄ-ի հետ փոխադարձ շահերի ուղղությամբ աշխատանքը։

Վերջին տարիներին Հարավային Կովկասում զգացվում է աշխարհաքաղաքական պայմանների էական տեղաշարժ։

Միացյալ Նահանգները տևական շահեր ունի Հարավային Կովկասում: Դրանք ներառում են տարածաշրջանային կայունության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման կանխումը, իսլամական ծայրահեղականության տարածմանը հակազդելը, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին արևմտյան անվտանգության և տնտեսական ինստիտուտներին ավելի մոտեցնելը, ժողովրդավարական փոփոխություններն ու բարելավված կառավարումը առաջ տանելը։

Թեև ԱՄՆ-ի շահերն անփոփոխ են, վերջին զարգացումները, այդ թվում՝ հետսառըպատերազմյան Եվրոպայի անվտանգության աշխարհակարգի փոփոխությունը, հարափոփոխ համաշխարհային էներգետիկ շուկաները, անկայունությունը աշխարհամասի հարավում, Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը և բախումներն ու ԵՄ-ի ներքին մարտահրավերները փոխել են համատեքստը, որի շրջանակում Միացյալ Նահանգները հետամուտ է Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական նպատակներին:

Կարևոր է ընդունել, որ տարածաշրջանի իրադարձությունները հազվադեպ են անմիջական ազդեցություն ունենում Միացյալ Նահանգների կամ ամերիկյան քաղաքացիների անվտանգության կամ բարեկեցության վրա: Այսպիսով, այս տարածաշրջանը թերևս վարչակազմի առաջնահերթությունների թվում չէ։

Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում երեք պետություններին օգնել է պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը և ունենալու ժողովրդավարական որոշակի առաջընթաց, հատկապես` Վրաստանում: Սակայն ԱՄՆ հավակնոտ ջանքերը չկարողացան իրականացնել խոստացված տրանսֆորմացիոն փոփոխությունները, քանի որ քաղաքականություն մշակողները թերագնահատեցին Հարավային Կովկասի պետությունների առաջ ծառացած քաղաքական, տնտեսական, և աշխարհաքաղաքական մարտահրավերները և բավարար ռեսուրսներով չսատարեցին բարեփոխումների ջանքերը:

Առաջ անցնելով՝ այժմ ևս առկա են լուրջ խոչընդոտներ։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ՝ զարգացումն ու ավելի լավ կառավարումը խթանելու հնարավորությունները կարող են սահմանափակվել, եթե կյանքի կոչվեն վերջերս առաջարկված արտաքին օժանդակության կրճատումները:

Եթե կրճատումները դառնան իրականություն, Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել և ազնիվ լինել այն օգնության վերաբերյալ, որը պատրաստ է տրամադրել Հարավային Կովկասի պետություններին: Այն նաև պետք է հասկանա, որ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի երկու ցցուն հատկանիշները՝ Ռուսաստանի գերիշխող դիրքն ու տարածաշրջանում ԱՄՆ ներգրավմանը Ռուսաստանի դեմ լինելը, ինչպես նաև Չինաստանի աճող ոտնահետքը՝ պայմանավորված նրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, որը նախատեսում է ենթակառուցվածքային զանգվածային ներդրումներ Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Ժամանակին հարիր է, որ ԱՄՆ-ը ավելի իրատեսական և կայուն մոտեցում որդեգրի տարածաշրջանի նկատմամբ, որոնց հիմքում կլինեն հետևյալ կարևոր սկզբունքներն ու գերակայությունները.

Նախ, ԱՄՆ առաջնահերթությունը պետք է լինի օգնել կանխելու տարածաշրջանի երկարատև հակամարտությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժացումը։ Պատերազմական գործողությունների վերսկսումը կործանարար սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա բոլոր երեք երկրների և ավելի լայն հարևանության վրա, որը ներառում է ԱՄՆ հիմնական դաշնակիցներին՝ արդեն իսկ լարված Սևծովյան տարածաշրջանում:

Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կործանարար հետևանքներ կունենա Հվ․ Կովկասի բոլոր երեք երկրների համար

Տարածաշրջանային հակամարտությունը հսկողության տակ պահելը դժվար է։ Տարածաշրջանին չեն կարող պարտադրվել հակամարտությունների կարգավորման բանաձևեր, կարգավորումը կախված է այստեղի երկրներից և ժողովուրդներից, որոնք, ցավոք, փոխզիջումների գնալու քիչ պատրաստակամություն են դրսևորում: Անհրաժեշտ է նաև, որ Ռուսաստանը չպղտորի իրավիճակը։

Երկրորդ, Վաշինգտոնը պետք է ավելի մեծ զգուշություն և խոհեմություն դրսևորի քաղաքական արդիականացումը խթանելու համար։ Հաշվի առնելով տարածաշրջանում աճող աղքատությունը և որոշ երկրներում քաղաքացիական սահմանափակ ազատությունները՝ տնտեսական զարգացման խթանումը, թափանցիկության և միջանձնային ավելի խիտ ցանցերի ստեղծումը պետք է մնան կարևոր առաջնահերթություններ:

Բայց կարևոր է չմոռանալ, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն տարբեր հետագծի վրա է։ Հետևաբար, հարմարեցված, երկրին հատուկ մոտեցումները հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն։

Երրորդ, Վաշինգտոնը պետք է համեստ լինի տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հավակնությունների հարցում։ Ռուսաստանը ռազմական ազդեցություն ունի տարածաշրջանում, սակայն թերևս չունի այստեղ իր գերիշխանությունը պարտադրելու կարողությունը: Ռուսաստանը դեռ պատրաստ է ավելի շատ ակտիվներ և ռեսուրսներ ներդնել, քան Միացյալ Նահանգները. Վաշինգտոնը, հետևաբար, պետք է զգուշանա տարածաշրջանին ավելի մեծ խոստումներ տալուց, քան կարող է իրականացնել։ Վրաստանի հետ ունեցած պարտավորություններն ու ներդրումները պետք է Թբիլիսին դարձնեն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության սյունը: Այժմ, երբ Թուրքիայում երերում է ժողովրդավարությունը, Վրաստանը տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների համար կարևոր մոդել է:

Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է շարունակի աշխատել Եվրոպական Միության հետ և միջոցով՝ առաջ մղելու փոխադարձ շահերը։ ԵՄ-ն կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի ապագայի ձևավորմանը՝ հաշվի առնելով Բրյուսելի աշխարհագրական մերձությունը, տարածաշրջանի երկրների հետ ակտիվ առևտուրը, Վրաստանի հետ վիզային ազատ ռեժիմը և տնտեսական զարգացումն ու օրենքի գերակայությունը խթանելու փորձը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել