Նալբանդյանը Կատար է տարել Սերժ Սարգսյանի ուղերձը

Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա է ժամանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիին և նրան հանձնել այդ երկրի ղեկավար Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպմանն արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել։

Սերժ Սարգսյանը Կատար էր այցելել մայիսի 15-ին, հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ, կատարցի գործարարնեին կոչ արել ներդրումներ անել Հայաստանում։

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Եգիպտոսը և Եմենը խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և Իրանի հետ մերձենալու մեջ։ Այս երկրների դեմարշին նախորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և այդ երկրի հետ սպառազինությունների մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրի կնքումը։ 

Թեմայի մասին կարդացե՛ք՝

Կատար. Սերժ Սարգսյանի վերջին այցը

Հայաստանը կողջունի իր տնտեսության տարբեր ոլորտներում կատարցի ներդրողներին․ Սերժ Սարգսյան

Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ