Խան Խոյսկու սպանությունը. Երևան-Բաքու հարաբերությունների անցյալից

1920 թվականի հունիսի 19-ին, ՀՅԴ անդամներից 20-ամյա Արամ Երկանյանը, Թիֆլիսի կենտրոնում՝ Գոլովինսկայա փողոցի (այսօր՝ Ռուսթավելի պողոտա) վրա իրականացրեց վրիժառուական գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ և արտգործնախարար Ֆաթալի Խան Խոյսկուն:

Գործողության ընթացքում սպանվեց նաև Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովը: Ամիսներ առաջ՝ 1919թ. հոկտեմբերին, Թի‎ֆլիսի Երևանյան (այսօր` Թավիսուփլեբա կամ Ազատության հրապարակում), Երկանյանը գնդակահարել էր Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա գնդապետ Սարա‎ֆովին: 1921թ. հուլիսի 18-ին, ՀՅԴ վրիժառուներից Միսաք Թոռլաքյանը Պոլսի կենտրոնում՝ Վերա նշանավոր հյուրանոցի մոտ, կրակոցներով սպանեց Ադրբեջանի նախկին ներքգործնախարար Բեհբութ խան Ջիվանշիրին:

Խան Խոյսկին և Ջիվանշիրը մեղադրվում էին 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի շուրջ 15 հազար հայ բնակչության կոտորածը կազմակերպելու մեջ: 1918-ի մայիսի վերջերին, երբ հռչակվեց Ադրբեջանի անկախությունը, նորաստեղծ պետության մայրաքաղաք էր դարձել Ելիզավետպոլը, որն անվանվեց Գյանջա: Այդ ժամանակ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի և նրան աջակցող հայկական ուժերի իշխանության տակ:

Արամ ԵրկանյանըՍեպտեմբերին, երբ Պոլսում հայկական պատվիրակությունը (Ավետիս Ահարոնյան՝ նախագահ, արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյան և Միքայել Պապաջանյան) վրացական և ադրբեջանական պատվիրակությունների հետ Անդրկովկասի հանրապետությունների սահմանները ճշտելու հարցով բանակցություններ էր վարում Օսմանյան կառավարության երիտթուրք առաջնորդների՝ Էնվերի, Թալեաթի հետ, թուրքական ուժերի գլխավորությամբ Խան Խոյսկին մտավ Բաքու և իրականացրեց հազարավոր հայերի ջարդը: Բաքուն դարձավ Ադրբեջանի նոր մայրաքաղաքը:

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, որոնք խորհրդայնացվեցին 1920-ի վերջին և 1921-ի սկզբին, Ադրբեջանը խորհրդային դարձավ 1920-ի ապրիլին: Ադրբեջանի առաջնորդները ապաստան գտան տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թիֆլիսում և Պոլսում:

1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Հայոց ցեղասպանության իրականացնողներ երիտթուրք ոճրագործներին և Բաքվի հայերի ջարդարարներին: ՀՅԴ պատմագիրներից, Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ հասկանալի պատճառներով ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակորեն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:

1918-1920 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ, Բաքվում գործում էր Հայաստանի, Երևանում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանների մակարդակով: Հայաստանի համար կենսական անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են նավթն ու հացը, ստացվում էին նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ 1918-ի ամռանը և աշնանը Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը փորձում էր Էնվերի և Թալեաթի միջնորդությամբ նավթ և հաց ստանալ Ադրբեջանից: Այդ շրջանում Ադրբեջանը փաստացի ղեկավարվում էր երիտթուրքերի կողմից: Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճեր կային, ադրբեջանցի առաջնորդները, որպես ճնշման և հայերից զիջումներ կորզելու միջոց, հրաժարվում էին հաց և հատկապես նավթ վաճառել Հայաստանին:

1919 թվականի մարտին հրաժարական տվեց վարչապետ Ֆաթհալի Խան Խոյսկու կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, Խան Խոյսկին դարձավ արտգործնախարար: Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով), երկուսն էլ ներկայացնում էին ՀՅԴ-ն: Ադրբեջանի խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ամենից շատ պատգամավորներ ունեին հայերը, իսկ ՀՅԴ խմբակցությունը ամենամեծն էր իշխող «Մուսավաթ»-ից հետո:

Ադրբեջանի առաջին վարչապետ և արտգործնախարար Ֆաթալի Խան ԽոյսկինԽան Խոյսկին իր հայ գործընկերների հետ բազմաթիվ շփումներ է ունեցել: Այսպես, 1920 թվականի հունվարին Թիֆլիսում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ալեքսանդր Խատիսյանի (նա միաժամանակ եղել է վարչապետ), Ֆաթալի Խան Խոյսկու և Եվգենի Գեգեճկորու հանդիպումը: Երևանում լույս տեսնող ՀՅԴ «Յառաջ» օրաթերթը «Համաձայնությունը» խորագրով խմբագրականում գրել է. «Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները խորհրդակցելով ընթացիկ պահի և երեք հանրապետությունների միջև անընդհատ ծագող տարակարծությունների մասին, նորից եկել են այն եզրակացության, որ «բոլոր վեճերը հանրապետությունների միջև պետք է լուծվեն ոչ թե զենքով, այլ համաձայնության կամ արբիտրաժի միջոցով», բացի այդ՝ «երեք հանրապետությունները պետք է պաշտպանեն իրենց անկախությունը ամեն տեսակ ոտնձգություններից՝ այդ ինքնիշխան իրավունքները պաշտպանելիս ամեն կերպ աջակցություն ցույց տալով միմյանց»:

1920-ական թվականներին Եվրոպայում հաստատված անկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախկին առաջնորդները երբեմն ներկա էին լինում այն միջոցառումներին, որոնք նվիրված էին լինում այդ հանրապետությունների անկախության՝ մայիսյան տոներին:

Իսկ Արամ Երկանյանը, ով 1920 թվականի այս օրը՝ հունիսի 19-ին, Թիֆլիսում կրակոցներով սպանեց Ֆաթալի Խան Խոյսկուն, իր մահկանացուն կնքեց 1934-ին՝ Արգենտինայում, 34 տարեկան հասակում:

Մեկնաբանել