Համանախագահներն այցելում են Բաքու՝ շփման գծում լարվածության ֆոնին

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու։ Միջնորդների հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ անցնում են շփման գծում լարվածության ֆոնին։ Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն, չկարողանալով խաղաղ կարգավորման գործընթացը տանել իր նախընտրած ուղիով, փորձում է առավելության հասնելու պատրանք ստեղծել առաջնագծում, որը նույնպես դատապարտված է ձախողման, և հղի է անկանխատեսելի հետևանքներով, առաջին հերթին իրավիճակի լարումը նախաձեռնող կողմի համար:

ԼՂՀ նախխագահ Բակո Սահակյանը Ադրբեջանի կողմից զինադադարի վերջին խախտումները որակել է ահաբեկչություն։ Հունիսի 17-ին Սահակյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին: Զորամասերից մեկում հրամանատարական կազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Արցախի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ 

***

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հունիսի 12-ին միջնորդներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։

«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է Իգոր Պոպովը: