Էրդողանը պաշտպանել է իր թիկնապահներին, ամերիկյան ոստիկաններին մեղադրել «անգործության» մեջ

Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի իշխանությունները քրեական մեղադրանքներ կառաջադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 12 աշխատակիցների և ոստիկանների դեմ, որոնք մայիսի 16-ին հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց գտնվող ցուցարարների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ամերիկյան իշխանությունների գործողություններին՝ պաշտպանելով ցուցարարների դեմ բռնություն գործադրած իր աշխատակիցներին, ամերիկյան իրավապահներին էլ մեղադրելով անգործության մեջ։

«Վերջին այցս ԱՄՆ էր։ PKK ահաբեկչական կազմակերպությունը [Քրդստանի աշխատավորական կուսակցություն  – ՍիվիլՆեթ] և FETO [Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը – ՍիվիլՆեթ] միացան և իմ դեմ ցույց կազմակերպեցին իմ գտնվելու վայրից 40-50 մ հեռավորության վրա։ Ամերիկյան ոստիկանությունը ոչինչ չարեց։ Նրանք անգամ չկպան նրանց։ Ինձ հետաքրքիր է՝ եթե նման բան տեղի ունենար Թուրքիայում, ի՞նչ կլիներ։ Նրանք ոչինչ չարեցին, ավելին, ձերբակալեցին այնտեղ գտնվող իմ երկու քաղաքացիներին։ Մյուս կողմից ԱՄՆ-ը իմ անվտանգության երկու աշխատակիցներին ձերբակալելու հրաման արձակեց։ Սա ի՞նչ տեսակ օրենսդրություն է, ի՞նչ օրենք է։ Եթե նրանք չպետք է ինձ պաշտպանեին, ինչո՞ւ էի հետս տանում Ամերիկա։ Արդյոք ինձ պետք է պաշտպանեին Ամերիկայի Հանսն ու Ջո՞րջը։ Եթե ԱՄՆ-ի առաջնորդն այցելի Թուրքիա, նրանք թույլ չեն տա, որ թուրքական ոստիկանությունը մտնի ամերիկյան նախագահի մեքենա, սակայն երբ մենք ենք այցելում Միացյալ Նահանգներ, նրանք մեզ են պարտադրում իրենց գաղտնի գործակալներին։ Մենք մտադիր ենք դրա դեմ պայքարել քաղաքական և իրավական հարթություններում, սա այլ հարց է»,- հայտարարել է Էրդողանը։ 

***

Մայիսի 16-ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով էին դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ ակտիվիստները: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ տեղի ունեցած միջադեպի մասին, որում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, իր թիկնապահներին հրահանգում է հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։ 

Հունիսի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որը խիստ դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ։