Եվս մեկ վիրավոր զինծառայող Արցախից ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

Արցախից ևս մեկ վիրավոր զինծառայող ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Ուրբաթ և շաբաթ օրերին Արցախում ադրբեջանական կրակից զոհվել էին պաշտպանության բանակի չորս ժամկետային զինծառայող, երկուսը՝ Արմեն Վարդանյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը, ստացել էին ծանր վիրավորում և տեղափոխվել Երևան։

Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց մոտ տեղափոխված Արմեն Վարդանյանի վիճակը ծանր է․

«Ունի գլխի հրազենային վիրավորում, ընդհանուր վիճակն ընդունման պահին ծանր էր, գիտակցությունը պահպանված: Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը դեռ մնում է ծանր, կոնտակտը հիվանդի հետ կա, կոնսերվատիվ բուժում է արվելու: Վիրահատվել է Ղարաբաղում, դեռևս վիրահատության կարիք չկա»:

Նրա խոսքով` գլխում բեկոր կա, սակայն նեյրովիրաբույժները ճիշտ են գտել, որ ձեռք տալ պետք չէ:

«Ցանկացած բարդության կամ իրավիճակի փոփոխման դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն: Գլխի ծանր վիրավորումից հետո գիտակցությունը եթե պահպանված է, դա ահագին ուրախացնող փաստ է: Ճանաչում է ծնողներին, մոր հետ շփվում է, հեմոդինամիկ տվյալները կայուն են, բարձր չի ջերմում»,- ասաց Հովհաննիսյանը:

«Հունիսի սկզբին հինգ օրով արձակուրդ էր եկել տուն, հունիսի 9-ին վերադարձել էր բանակ և բարձրացել դիրքեր: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Ես միայն մեկ պահանջ ունեմ, ինչպես տվել եմ տղայիս, այդպես էլ առողջ հետ ստանամ»,- ՍիվիլՆեթին ասաց Արմեն Վարդանյանի մայրը:

Ինչ վերաբերում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն տեղափոխված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին, հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետը նշեց, որ ժամանակ է պետք` վիճակը գնահատելու համար:

Մեկնաբանել