ՊԵԿ-ը հայտարարում է ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների ներկրման կանխման մասին

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:

Ապրիլին տեղեկություններ էին տարածվել Երևանի ու մարզերի մի շարք վաճառակետերում ադրբեջանական ծագման խնձորի առկայության վերաբերյալ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), արձագանքելով նման հրապարակումներին, հայտարարել էր, որ շրջայցերի արդյունքում Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել էին նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն այս առնչությամբ պարզաբանում էր տարածել։

Ադրբեջանական խնձորի գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից 4-ը ՊԵԿ պաշտոնյաներ են:

Գյանջայի նուռ, թեյ․ Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառության շուրջ

«Վերջին մեկ տարում ադրբեջանական մանաթի կրկնակի արժեզրկման պատճառով տեղական արտադրությունը դարձել է մրցունակ Վրաստանում, ինչը նշանակում է, որ կա հավանականություն, որ, իհարկե, ոչ մեծ քանակներով, ադրբեջանական որոշ ապրանքներ հայտնվեն Հայաստանում մանր առևտրականների և ճամփորդող քաղաքացիների միջոցով»,- հունվարյան սյունակում նկատում է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հեղինակը հղում է անում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքին, որի Արտաքին առևտրի տվյալների բազա բաժնում առանձին կետով ներկայացնում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը։ Այն իրականացվում է երրորդ երկրի, հիմնականում Վրաստանի տարածքով:

«Իրականության մեջ, Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը ավելին է, քան ներկայացնում են պաշտոնական թվերը: Հատկապես 1991-1998 թվականներին, երբ Բագրատաշեն-Սադախլո առևտուր էր կատարվում Դեբեդի հայտնի կամրջի վրա և նրա երկու կողմերում, Հայաստանից գյուղտնտեսական ապրանքներ էին հասնում Ադրբեջան, այդ թվում՝ կատրոֆիլ, գազար, կաղամբ: Այդ տարիներին, Ադրբեջանի խանութներում, անշուշտ, ոչ բացահայտ, վաճառվել է նաև հայկական կոնյակ: Նույն Վրաստանի տարածքով Հայաստան էին հասնում ադրբեջանական ապրանքներ, այդ թվում՝ բենզին և դիզելային վառելիք»,- գրում է Հակոբյանը:

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ ՀՀ-ում չկա օրենք, որն արգելում է ադրբեջանական ծագման ապրանք ներկրել: