Վրաց պատրիարքն առաջարկում է վերականգնել միապետությունը․ կուսակցությունները տարակարծիք են  

Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը կոչ է արել Վրաստանում հաստատել սահմանադրական միապետություն։ Վրաց հոգևոր առաջնորդի կարծիքով՝ դա խաղաղություն կբերի երկրին։ Պատրիարքի հայտարարությունը բուռն քննարկման թեմա է դարձել Վրաստանի խորհրդարանում, կառավարությունում և սոցիալական ցանցերում։ Թեմային անդրադարձել է Ekhokavkaza-ն։

«Վրացական երազանքի» որոշ առաջնորդներ միանգամից իրենց աջակցությունը հայտնեցին այդ առաջարկությանը։ Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդմիջում տվեց, բայց նաև հասկացրեց, որ սահմանադրական միապետության հարցը այդքան էլ հռետորական չէ:

«Ինչ վերաբերում է միապետության թեմային, այդ հարցի շուրջ մենք հանդիպում կունենանք պատրիարքի հետ։ Մեկնաբանություններ կարող ենք անել միայն դրանից հետո: Պատրիարքի ասածը ճշմարտություն է: Սահմանադրական միապետությունը խաղաղություն է բերում քաղաքական և պետական կյանքում: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր գործոնները, այդ թվում՝ մեր տեղական առանձնահատկությունները։ Հենց այդ հարցերի շուրջ էլ տեղի կունենա մեր հանդիպումը, և միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ մեկնաբանություններ կատարել»,- ասել է Կոբախիձեն:

Կառավարությունը ևս հասկացնել տվեց, որ պատրիարքի խոսքերը աննկատ չեն անցել։ Փոխվարչապետ Ալեքսանդր Ջեջելավան ասել է, որ Իլիա Երկրորդի նախաձեռնությունը հաշվի կառնվի, սակայն ժողովուրդն է որոշողը՝ Վրաստանը կլինի սահմանադրական միապետություն, թե ոչ։

Իսկ ընդդիմությունը իշխող կուսակցության այդ աշխուժությունըերկերեսանիություն անվանեց։ «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ այդ թեմայի շուրջ աղմուկը մարդկանց ուշադրությունը իրոք կարևոր հարցերից, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններից, շեղելու փորձ է։

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան նույնիսկ թվեր է ներկայացրել.

«Գուցե մենք պետք է հիշենք, որ միապետությունը շատ թանկ հաճույք է, և նույնիսկ ամենահարուստ եվրոպական երկրներն այդ միջոցները չունեն: Նման սուրբ ընտանիք պահելը երկրին կարող է արժենալ տարին 10-15 մլն լարի, ինչը անբարոյական է այն դեպքում, երբ երկրում այդքան կարիքավորներ ու խնդիրներ կան։ Այդ նախագիծն անհնար է իրականացնել, հայտարարությունների մեծամասնությունը զզվելի է»։

Քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն նման գաղափարները անիրականանալի է համարում.

«Հասկանալի է, որ Վրաստանի քաղաքական գործիչները կառչում են պատրիարքի ամեն մի խոսքից, բայց այս դեպքում եթե նրանք այցելելու են պատրիարքին՝ թեման քննարկելու, ուրեմն Բիձինա Իվանիշվիլիի թույլտվությունն ունեն։ Նրանց առաջարկում եմ կեսկատակ որևէ եվրոպական դինաստիա բերել՝ Բուրբոնների կամ Հաբսբուրգների: Միգուցե սա կօգնի մեզ անդամակցելու Եվրոպական Միությանը»:

Սահմանադրական միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որում միապետն ունի սահմանափակ իշխանություն և հիմնականում բացի արարողակարգային լիազորություններից, որևէ այլ լծակի չի տիրապետում։ Այսօր Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է: Տեսանելի ապագայում միապետության վերականգնման դեպքում գահ բարձրանալու է այժմ վեց տարեկան Գեորգին՝ Վրաստանի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ Աննա Բագրատիոն-Գրուզինսկայայի և Դավիթ-Բագրատիոն Մուխրանսկիի որդին։

Վրացական միապետությունը դադարել է գործել 1801թ․, երբ երկիրը կցվեց Ռուսական կայսրությանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել