«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է․ Սամվել Բաբայանի պաշտպան

Հունիսի 16-ին «Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է: Այս գործով անցնում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը ու ևս մեկ անձ: ՍիվիլՆեթի հետ զրույցում Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես կգա հայտարարությամբ։

Armtimes-ը հաղորդում է, որ մինչ նախաքննության ավարտ հայտարարելը Սամվել Բաբայանի և մյուսների մեղադրանքը մեղմացվել է: Նրանց մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Այսպիսով՝ նրանք մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

***

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։ Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Սամվել Բաբայանը հրապարակային հայտարարել էր, որ աջակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։