Ալեքսեյ Նավալնի․ Ռուսաստանի թիվ 2 քաղաքական գործիչը և Պուտինի ախոյանը

Ռուսական Republic.ru (նախկին՝ Slon.ru) կայքում հրապարակվել է լրագրող Օլեգ Կաշինի հոդվածը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասին։ Ակնկալվում է, որ Ռուսաստանում 2018-ի նախագահական ընտրություններում երիտասարդ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին լինելու է նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ախոյանը։

«Նախագահական նման ընտրություններ Ռուսաստանում դեռ չեն եղել։ Ընդդիմադիր գործիչը բացել և ինտերնետից վարում է հետհեռուստատեսային առաջին նախագահական քարոզարշավը։ Թե՛ 1996թ., թե՛ 1999թ., առավել ևս Պուտինի օրոք, յուրաքանչյուր քարոզարշավ, անկախ նրանից, թե որքան դրամատիկ էր, դուրս չէր գալիս հեռուստատեսության աշխարհի սահմաններից»,- գրել է Կաշինը։

Հունիսի 12-ի (և մարտի 26-ի ցույցերը նույնպես) իրենց ձևով 2011-2012 թթ. Մոսկվայի բողոքի ակցիաների հետնորդներն են, իսկ հայտարարված բովանդակությամբ կրում են հակակոռուպցիոն բնույթ․ սա արդեն այդքան էլ բարձր չի հնչում և արագ մոռացվում է, սակայն բողոքի նոր ալիք սկիզբ առավ հենց Նավալնիի «Նա ձեզ համար Դիմոն չի» ֆիլմից: [Ֆիլմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասին է, մասնավորապես՝ Ռուսաստանում և Իտալիայում ձեռք բերած շքեղ առանձնատների և կալվածքների]։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Նավալնին կարող է հավակնել նրան, որ իր անունը տեղ գտնի 2018 թ. քվեաթերթիկում, բայց հիմա դա որևէ առանձնահատուկ նշանակություն չունի: Ինն ամիս անց Ռուսաստանը պետք է ընտրի («ընտրի») նախագահ: Հաջորդ տարվա գարնանը. դա վաղը չէ, բայց ամեն դեպքում շուտով։ Եվ միակ քաղաքական գործիչը, ով  հրապարակավ ցույց է տալիս, որ այդ «շուտովը» իր համար որոշակի իմաստ ունի, Ալեքսեյ Նավալնին է։ Բացի այդ, ռուսական հանրային քաղաքականության տարածքում այս ընտրություններով այժմ ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ: Իսկ ամենակարևորը՝ ընտրություններով ցուցադրաբար գրեթե չի հետաքրքրվում նույնիսկ Վլադիմիր Պուտինը:

Առաջացած վակուումում Նավալնին միակ քաղաքական գործիչն է, որը սկսել է նախագահական քարոզարշավ, և ինչ-որ իմաստով նա ոչ միայն ինքն իր համար է տանում այդ քարոզարշավը ⁠(կրկնում ենք, հայտնի չէ՝ արդյոք նրան ընդհանրապես մոտ կթողնեն ընտրություններին), այլ բոլորի և նաև Պուտինի համար,  նա միայնակ գրավում է հանրության ուշադրությունը ընտրությունների նկատմամբ, մեծացնում հետաքրքրությունը, ստեղծում ինտրիգը և իր հետ առաջ քաշում ոչ միայն և ոչ այնքան իր նախընտրական շտաբը,- աստված նրանց հետ,- այլ շատ ավելին։ Իշխանության բոլոր ռեսուրսները, որոնք այժմ օգտագործվում են Նավալնիի դեմ՝ քարոզչական, քաղաքական տեխնոլոգիաների, ոստիականական, պարապ կմնային առանց Նավալնիի, իսկ այսպես նա ստիպում է դրանց աշխատել։

Նավալնին քարոզարշավ իրականացնող միակ թեկնածուն է, բոլոր առիթները գալիս են նրանից, բոլոր հարցերը տալիս է նա։ Նույնիսկ եթե նրան թույլ չտան մասնակցել ընտրություններին, մնացած թեկնածուները, այդ թվում ` Պուտինը, արդեն մի ամբողջ շրջան հետ են մնացել Նավալնիից։

Նավալնին այժմ, ի տարբերություն 2013թ․, քաղաքական խաղերի սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ

Այս իրավիճակն է Նավալնիի նախագահական քարոզարշավի գլխավոր տարբերակիչ հանգամանքը՝ ի տարբերություն նրա, ինչ Նավալնին անում էր 2013 թ. Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, երբ, ընդհակառակը, քաղաքական խաղերի  անվիճելի օբյեկտ էր (ոչ թե սուբյեկտ), որը իշխանություններից ցանկացած պահի ստանում էր այն, ինչ ուզում էին իրեն տալ, ոչ ավելին։ Հիմա ամեն ինչ այլ է. անհնար է ասել, թե ինչն է Նավալնիին պակասում Վլադիմիր Պուտինից հետո թիվ երկու դաշնային քաղաքական գործչի կարգավիճակի համար. նա կարծես ունի ամենը, ինչ պետք է։ Ըստ էության, եթե նա չէ համար երկրորդը, ապա ո՞վ․ չլինի՞ թե Մեդվեդևը։

Տոկոսադրույքներն արդեն բարձրացել են։ Նավալնիի նկատմամբ նույնիսկ փոխվել է իշխանություններին հավատարիմ պրոպագանդան. դրանում արդեն դժվար չէ որսալ «ներքևից վերև» ինտոնացիան։ Երբ RT-ի սյունակագիրը գրում է, որ «Նավալնիի դարաշրջանը ավարտվեց», դա առաջին հերթին հենց այդպիսի դարաշրջանի գոյության ճանաչման մասին է խոսում, իսկ ավարտվեց այն, թե ոչ, արդեն տասներորդական է։

Բողոքի ցույցերի գլխավոր դերակատարները նոր դեմքեր են՝ նրանք, ովքեր շատ երիտասարդ էին Բալոտնայայի ցույցերի ժամանակ, ովքեր մեծացել են Պուտինի իշխանության տարիներին, և ում համար Նավալնին ավագ սերնդի նույնպիսի ներկայացուցիչ է, ինչպիսին իշխանության մեջ գտնվող մարդիկ։ Երիտասարդների վրա խաղադրույքը շատ կարևոր է: Նախընտրական այս քարոզարշավին այժմ առավել անհրաժեշտ են մարդիկ, որոնց իդեալիզմը ավելի ուժեղ է այն մարդկանց ցինիզմից ու թերահավատությունից, ովքեր քաղաքականության մեջ են երկար ժամանակ, քանի որ աշխատում է և շարունակելու է աշխատել վատ դիալեկտիկական օրենքը՝ որքան բարձր են խաղադրույքները և լուրջ խաղը, այնքան ավելի շատ կլինի խաբեությունը, կեղծավորությունը, մանիպուլյացիան։

Նախագահական նման ընտրություններ Ռուսաստանում դեռ չեն եղել. իսկ թե՛ 1996թ., թե՛ 1999թ., առավել ևս Պուտինի օրոք, յուրաքանչյուր քարոզարշավ, անկախ նրանից, թե որքան դրամատիկ էր, դուրս չէր գալիս հեռուստատեսության աշխարհի սահմաններից։ Հետհեռուստատեսային առաջին նախագահական քարոզարշավի դարաշրջանը բացել և տանում է ընդդիմադիրն ինտերնետից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի