ԵՏՄ-ի անդամակցությամբ են նաև պայմանավորված ՀՀ մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները․ Սերժ Սարգսյան

Առևտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաև մեզ համար շատ կարևոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ․ հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցությանը ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ անդամակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամուր հարաբերություններով են նաև պայմանավորված այսօր Հայաստան մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ հանգամանք կա, և դա այն է, որ տնտեսական հարաբերությունները կառուցվել են հիմքում ունենալով ամուր բարեկամական հարաբերություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում շատ դեպքերում հակառակն է լինում՝ տնտեսական հարաբերություններն են բերում բարեկամական հարաբերությունների:

ՀՀ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում:

Մեկնաբանել