Երևանից կլինեն ուղիղ չվերթներ եգիպտական Հուրգադա և Շարմ աշ-Շեյխ

Հունիսի 20-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եգիպտական Air Cairo ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը Հուրգադայից, հաղորդում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

«Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին:
Air Cairo ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճը, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան-Հուրգադա և Շարմ աշ-Շեյխ- Երևան – Շարմ աշ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ աշ-Շեյխ – Երևան- Շարմ աշ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի: