Եթե ԵՄ աջակցությունն այլևս հաճելի չէ, մենք չենք ստիպի․ Սվիտալսկի

Եվրոպական Միությունը Հայաստանում ընտրությունների անցկացմանն օժանդակել է երկրի իշխանությունների խնդրանքով․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպան Սվիտալսկին անցյալ շաբաթ խոսել էր Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների մասին՝ մատնանշելով թերությունները, կեղծիքները, ընտրակաշառքների ու ընտրողների ահաբեկման դեպքերը։ Սվիտալսկիի հայտարարությունը իշխող Հանրապետականի գործիչները որակել էին «միջամտություն երկրի ներքին գործերին»։

«Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրական գործընթացին շատ ավելին էր, քան ֆինանսավորումը: Մենք դա արեցինք Հայաստանի իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա, եթե մեր աջակցությունն այլևս հաճելի չէ, մենք չենք ստիպի, չենք պարտադրի մեր ներկայությունը»,- ասել է Սվիտալսկին այսօր հրավիրված ասուլիսին։

Դեսպանը նշել է, որ Եվրամիությունը տրամադրել է շատ զգալի ֆինանսական աջակցություն՝ ավելի քանի 7 ֆմիլիոն եվրո, և առանց նման մասնակցության նոր տեխնոլոգիաների օգտագործումը չէր իրականանա:

«Մեր աջակցության շնորհիվ էր, որ Հայաստանում շատ բարելավումներ հնարավոր դարձան: Մենք հարգում ենք ՀՀ քաղաքացու սուվերեն ընտրությունը: Մենք պետք է ընդունենք, որ կան աշխատանքային պայմանավորվածություններ,մեխանիզմներ, կոնվեցիաներ, որոնք այլոց հնարավորություն են տալիս արտահայտել կարծիք՝ այս կամ այն երկրում կատարվողի վերաբերյալ»,- ասել է դեսպանը։