Պատրաստ եմ լինել վարչապետ 2018-ին․ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ պատրաստ է լինել վարչապետ նաև 2018-ին, սակայն չի հստակեցնում, թե արդյոք հենց ինքն է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, երբ 2018թ․ ապրիլին Հայաստանը լիովին անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին։

Հունիսի 21-ին խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է նոր կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ կապված 2018-ին վերջինիս պաշտոնավարման հնարավորության մասին։

«Ընտրություններն ավարտվեցին, երկիրն էլի սպասումների մեջ է, որովհետև չունի մի շատ կարևոր հարցի պատասխան՝ ո՞վ է լինելու 2018թ․ վարչապետ։ Եթե դուք եք լինելու, այս բարձր ամբիոնից ասեք, որ ե՛ս եմ լինելու, մենք իմանանք, թե ում հետ ենք խոսում»,- դիմելով Կարեն Կարապետյանին՝ ասաց Մարուքյանը։

«Վարչապետ լինելու եմ թե չէ. այդ հարցին բազմիցս պատասխանել եմ ու պատասխանս չի փոխվել։ Ծրագիրս՝ 2017-2022 թվականների, որը ֆիքսել ենք, գուցե մասամբ պատասխանում է այդ հարցին»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը։

Մարուքյանը շարունակեց հարցը և խնդրեց, որ Կարապետյանը հստակ պատասխանի 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին՝ այո կամ ոչ։ «Դուք այսօր գործ ունեք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ»,- պատասխանեց Կարապետյանը։

Կարեն Կարապետյանից նույն հարցի պատասխանը փորձեց ստանալ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի՝ մինչև սահմանադրական փոփոխությունները արած այն հայտարարությունը, որ փոփոխություններից հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։

«Կհամաձայնե՞ք արդյոք 2018թ․ կառավարությունում լինել, ասենք՝ փոխվարչապետ կամ որևէ այլ նախարար»,- հարցրեց Փաշինյանը։ Կարեն Կարապետյանն ասաց, որ չի կարող պնդել, որ 2018թ․ կարող է լինել վարչապետ. «Ես պատրաստ եմ լինել վարչապետ»:

Մեկնաբանել