«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ժամով։ Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, նիստից առաջ փաստաբաններից մի քանիսը չեն կարողացել մտնել ներս, քանի որ դատական կարգադրիչները, փաստաբանների խոսքով, փորձել են իրենց խուզարկել։ Փաստաբանները մերժել են պահանջը՝ ասելով, որ դա «օրենքի խախտում է» և «անթույլատրելի է»։ Կարգադրիչները, մինչդեռ, պնդում են, որ իրականացնում են ոչ թե «խուզարկություն», այլ «զննություն»։

Դատավորը տեղեկացրեց, որ մի քանի փաստաբանի ներկա չլինելու պատճառով նիստը հետաձգվում է։ Փաստաբանների թվում են Երվանդ Վարոսյանը, Տիգրան Հայրապետյանը, Տիգրան Եգորյանը, Արայիկ Պապիկյանը։

ՍիվիլՆեթի լրագրողը հաղորդում է նաև, որ դատարանի շենքի մոտ հավաքված են բազմաթիվ մարդիկ, որոնց ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա։ Այս պահին դատարանի տարածքում ուժեղացված հսկողություն է։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում այսօր նախատեսված է «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների և 2 աջակիցների գործով դատական նիստը։

Գործով նախորդ դատական նիստը տեղի ունեցավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորը որպես պատճառաբանություն ներկայացրեց նիստերի դահլիճում զինված խմբի մտերիմների և աջակիցների աղմուկը, ինչպես նաև զինված խմբի ընդգծված արհամարհանքը դատարանի նկատմամբ․ խումբը հրաժարվեց անգամ ոտքի կանգնել դատավորի ներս մտնելու ժամանակ՝ ասելով, որ իրենց ոչ ոք իրավունք չունի դատել։