«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը: Խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց և նիստը հետաձգվեց մեկ ժամով:

ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի ընթացքում ներկայացրել է կարգը, տեղեկացնելով, որ  հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին, որից հետո դատարանում աղմուկ է բարձրացել:

«Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին, այդ բացարկը չի ընդունվել, սա պիտի ընդունվի, նոր հետո ասենք, թե դատավորին բացարկ հայտնում ենք, թե չէ»,- տեղից բղավել է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը:

Դատարանը նրա նկատմամբ 6 ժամով սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ մոտ 20 րոպե տևած նիստից հետո կրկին մեկ ժամով ընդմիջում հայտարարվեց:

Ինչպես հայտնում է ՍիվիլՆեթի լրագրողը` դատարանը ապակեպատ է, նիստի ընթացքից գրեթե ոչինչ չի լսվում, ինչն էլ վրդովվեցնում է ներկաներին:

Ի դեպ, փաստաբանները, որոնք ներկա չէին գտնվել նիստի սկզբում` այս անգամ ներս են մտել առանց զննվելու: