Ռուսաստանը դուրս է գրել Ղրղզստանի՝ 240 մլն դոլարի պարտքը

Ռուսաստանը դուրս է գրում Ղրղզստանի՝ 240 մլն դոլարի պարտքը․ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և Ղրղզստանի ֆինանսների նախարարներ Անտոն Սիլուանովն ու Ադիլբեկ Քասալմալիևը։ Դա տեղի է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում, որը կտևի մինչև հունիսի 24-ը։ 

«Ռուսաստանի կողմից ցուցաբերվել է մեծ ֆինանսական, իրական օգնություն։ Այսօր մեր ֆինանսների նախարարները Ղրղզստանի բոլոր պարտքերի, պարտքերի մնացորդների դուրսգրման վերաբերյալ արձանագրություն են փոխանակել»,- ասել է Աթամբաևը։ 

Պարտքի դուրսգրումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից «Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը պաշտոնական օգնության շրջանակում»։ 

Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, Ռուսաստանը 2016թ․ առաջին կիսամյակում դուրս է գրել 30 մլն դոլարի ղրղզական պարտք․ 2016-ի հունիսի վերջի դրությամբ Ռուսաստանին Ղրղզստանի ընդհանուր պարտքը կազմել է 270 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ վերջին 11 տարիներին Ռուսաստանը դուրս է գրել Ղրղզստանի՝ 703,2 մլն դոլարի արտաքին պարտք։ 

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Կրեմլում բանակցությունների արդյունքներով Վլադիմիր Պուտինն ու Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ հռչակագիր։ Ստորագրվել է նաև փաստաթուղթ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ։ 

Աթամբաևի հրաժեշտի այցը 

Ալմազբեկ Աթամբաևի այցը Ռուսաստան վերջինն է նախագահի պաշտոնում։ Հոկտեմբերին Ղրղզստանում կայանալու են ընտրություններ, որոնց ներկայիս նախագահը չի կարող մասնակցել․ երկրի Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2010թ․ հեղափոխությունից հետո, նախագահի պաշտոնում նույն անձի պաշտոնավարումը մեկ վեցամյա ժամկետով է սահմանափակվում։ 

Ինչպես հայտարարել է Պուտինը, Ռուսաստանն ու Ղրղզստանը «մտերիմ դաշնակիցներ են, մտերիմ, հուսալի ընկերներ»։   

RBC գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են նաև համագործակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, որին Բիշքեկը միացել է 2015թ․։ Աթամբաևի խոսքով՝ անդամակցության շուրջ «մռայլ կանխատեսումները» չեն իրագործվել։ 

Կրեմլի տեղեկություններով՝ 2016թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 1,08 մլրդ դոլար։ Ղրղզստանից ներկրման ծավալները ավելացել են 143 տոկոսով՝ մինչև 159 մլն դոլար։ 

Աթամբաևն ու Պուտինը քննարկել են նաև Ղրղզստանում ռուսաստանյան ռազմակայանի հարցը՝ փաստելով, որ դրա առկայությունը «Կենտրոնական Ասիայում կայունության և անվտանգության երաշխավորման կարևոր գործոն է»։ 

2016թ․ դեկտեմբերին Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դուրս կբերվի։ Աթամբաևը պատմել էր որ իրեն հաճախ մեղադրում են ամերիկյան ռազմաբազան դուրս բերելու, իսկ ռուսականը թողնելու մեջ։ Նա նշել էր, որ ըստ 2009թ․ համաձայնագրի՝ ռուսական ավիաբազայի գործողության ժամկետը պետք է լրանար 2016թ․ և ապա այն պետք է մնար 49 տարով՝ ամեն 25 տարին մեկ երկարաձգվելով։ 

Պուտինը, պատասխանելով ղրղզ պաշտոնակցի հայտարարությանը, ասել էր, որ ռուսաստանցի զինվորականները «կարող են ցանկացած պահի լքել Ղրղզստանի տարածքը, և ռազմակայանի առկայությունը կապված է միայն բուն Ղրղզստանի անվտանգության ապահովման հետ»։ 

Ստելլա Մեհրաբեկյան