«Սասնա ծռերի» գործով դատական նիստը լարված է ընթանում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի գրությունն իրեն, որում Եգրոյանը նշել է, որ չի մասնակցի դատական նիստին, եթե դրան ներկա չէ իր պաշտպանյալը: Ըստ Եգորյանի` Եղիազարյանի դեմ կիրառված սանկցիան անհամաչափ է:

Դատավորը նշեց, որ Եգորյանը դատարանից հեռացել է առանց նախագահող դատավորի թույտվության, ինչն անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և հայտարարել է, որ գնում է խորհրդակցական սենյակ երեսուն րոպեով Եգորյանի նկատմամբ որոշում կայացնելու համար:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավորը հայտարարեց, որ Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվելու և իրենք դիմելու են փաստաբանական պալատ, պատասխանատվության ենթարկելու համար:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ հայտարարեց, որ այս դատական նիստն ընդհանրապես չպետք է սկսեր, քանի որ ներկա չի ՍմբատԲարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը և քրեադատավարական օրենսդրությունը պահանջում է դատական նիստին պաշտպանների պարտադիր ներկայությունը:

Դատավորն ասաց, որ դեռ նախապատրաստական գործողություններ են իրականացվում և նիստի բուն պրոցեսը դեռ չի սկսել:

Այդ ընթացքում Վարուժան Ավետիսյանը վանկարկեց. «զինված ապաստամբության կոչ եմ անում, վերացրեք Սերժիկի ռեժիմին»:

Դրան ի պատասխան դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում Վարուժան Ավետիսյանի նկատմամբ և նրան հեռացրեց նիստից` չնշելով, թե որքան ժամանակով: Դատական նիստն արդեն չորրորդ անգամ մեկ ժամով հետաձգվեց:

Դրսում հայտարարությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, նշելով, որ ինքն այլևս ներկա չի լինի նիստերին, եթե ներկա չլինի իր պաշտպանյալը: Նա նշեց, որ Ավետիսյանի կողմից ցուցում ունի, առանց իր ներկայության չմասնակցել դատական նիստերին:

Վերջինս նշեց, որ թեև ինքը նաև Արմենակ Կյուրեղյանի պաշտպանն է, սակայն Կուրեղյանից ևս ունի համաձայնություն:

Լրագրողների այն հարցին, թե արդյո ՞ ք արդարացված է այն, որ արդն չորրորդ անգամ ընդմիջում է հայտարարվում, Շուշանյանը պատասխանեց.

«Իհարկե ոչ, կարծես դատավորը գնում է որևէ մեկի հետ խորհրդակցության»:

Մեկնաբանել