ԱՄՆ-ը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին խուսափել սրացումից, ներգրավվել բանակցություններում

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնության և զոհերի առնչությամբ։ Միացյալ Նահանգները «խոր մտահոգություն է հայտնել»՝ կոչ անելով կողմերին խուսափել սրացումից։

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հրադադարի վերջին խախտումներով, որոնք հանգեցրել են անցյալ շաբաթ շփման գծում բազմաթիվ զոհերի։ Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել սրացումից և խրախուսում ենք անհապաղ դիտարկել միջոցներ, որոնք միտված կլինեն շփման գծի և Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով լարվածության կրճատմանը։

Հունիսի 19-ի իրենց հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորել են կողմերին կրկին ներգրավվել բանակցություններում, որոնք կլինեն ըստ էության, հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա։ Համանախագահներն ընդգծել են, որ նման բանակցությունները միակ ճանապարհն են հարատև խաղաղություն բերելու տարածաշրջանի մարդկանց, որոնք ակնկալում և արժանի են առաջընթացի հակամարտության կարգավորման հարցում։

Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ աշխատել կողմերի հետ։ Մեր վաղեմի քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։

***

Անցյալ շաբաթ ԼՂ պաշտպանության բանակը հաղորդեց շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով զոհերի՝ հունիսի 16-ին և հունիսի 17-ին համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին։ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցելությունների արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել։ Լրագրող Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում միջնորդները շփման գծում լարվածության պատասխանատվությունը դնում են հենց Ադրբեջանի վրա։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանն ուզում է հաղթանակ, ոչ թե պատերազմ։

Մեկնաբանել