Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու շուրջ

Հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, որ իր ուժերը կանխել են հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ, գերեվարվել է մեկ հայ զինծառայող։

Արցախի Պաշտպանության բանակը հերքեց տեղեկությունը՝ այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։ 

Ֆեյսբուքյան գրառմամբ լուրը հերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ «Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»:

Ժամեր անց ադրբեջանական մամուլում և ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվեց տեսանյութ, որում այսպես կոչված «հայ դիվերսանտը» զինվորական բաճկոնով ասում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է և վարձատրության դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։ 

Ուշագրավ է, որ ռուսաստանյան TASS գործակալությունը շտապեց հաղորդագրություն տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից «հայ դիվերսանտի գերեվարման մասին», որը, սակայն, ավելի ուշ հեռացվեց՝ առանց որևէ պարզաբանման։

 

 

 

 

 

 

 

 

 

Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց, որ այդ մարդը Դովեղից է, ասաց, որ «նրան չեն ճանաչում»։

Տեղեկությանն արձագանքեց նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը ծնունդով Դովեղ գյուղից է։

ՀՀ ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Դովեղ գյուղը։

Մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Ըստ Ասլանյանի, կոնկրետ բնակության վայր չուներ, «մանկատան երեխա էր, քաղաքում աղբ հավաքելով էր զբաղվում»։

«Արմենպրես» գործակալությանը պաշտոնյան ասել է, որ Զավեն Կարապետյանը նախկինում «դատված է եղել և հոգեկան խնդիրներ է ունեցել»:  

«Անորոշ կյանք է վարել, տարեցների տանը գրանցվել է ընդաﬔնը այն բանի համար, որ անձնագիր ստանա, քանի որ բնակության վայր չի ունեցել: Վանաձորում տարբեր տեղեր որոշակի ժամանակահատվածում բնակվել է, աղբ է հավաքել, անտուն է եղել: Ինքը վանաձորցի չէ, չգիտեմ, թե որ մանկատան սան է եղել, անորոշ զբաղմունքի տեր է եղել: Երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չկա»,- նշել է Ասլանյանը:

Առայժմ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է տղամարդը հատել Ադրբեջանի սահմանը։ 

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտի կայքի՝ «Ղարաբաղը՝ դիտակետում» բաժնի խմբագիր Էմիլ Սանամյանը դեպքի վերաբերյալ իր հոդվածում նկատում է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջին տարիներին գերեվարել է հայ քաղաքացիական բնակչությունից բազմաթիվ մարդկանց՝ նրանց մեղադրելով դիվերսիայի փորձ իրականացնելու մեջ։ Բազմաթիվ նման դեպքեր, Սանամյանի դիտարկմամբ, տեղի են ունենում ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի հյուսիս-արևելքում/Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, որտեղ հայկական և ադրբեջանական տասնյակ բնակավայրեր կան կողք կողքի։ Սանամյանը ներկայացնում է 2009-2014թթ․ գերեվարման մի շարք դեպքեր՝ դրանց արդյունքներով։ 

Անուն, տարիք Գերեվարման տարեթիվ Արդյունք
Արսեն Բաղդասարյան, 20 12/26/2014 Ներկայում ազատազրկված
Կարեն Պետրոսյան, 32 8/7/2014 Մահացել է անազատության մեջ, 8/8/2014
Մամիկոն Խոջոյան, 77 1/27/2014 Ազատվել է 3/5/2014, մահացել է 5/20/2014
Մանվել Սարիբեկյան, 20 9/11/2010 Մահացել է անազատության մեջ, 10/5/2010
Արմեն Բադալյան, 31 5/9/2009 Փոխանակվել է ռազմագերու հետ, 3/17/2011

 

Ստելլա Մեհրաբեկյան