Երևանում տրանսպորտի և վերելակների ուղղությամբ ծրագրային քայլեր են ձեռնարկվելու

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացման ուղղությամբ առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ Սալիվանի հետ:

Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով կառուցվող ավտոճանապարհները ևս անչափ կարևոր են Երևանի կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու համար: 

«Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Մենք կարևորում ենք բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը: Համոզված եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական և մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ», – նշել է Տարոն Մարգարյանը: 

Հանդիպմանը Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու:

Ասիական զարգացման բանկի 50 միլիոն դոլար ֆինանսավորմամբ առաջիկայում նախատեսվում է Երևանում տրանսպորտային մեկ օպերատորի ստեղծում և քաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացում։