Մոսուլի կենտրոնում պայթեցվել է պատմական ան-Նուրի մզկիթը

Իսլամական պետությունը մեղադրում է ԱՄՆ-ի օդուժին չորեքշաբթի օրը Մոսուլի «Հին քաղաքի» միջնադարյան ան-Նուրի մզկիթի պայթեցման մեջ։ 

Իրաքի զինված ուժերի փոխանցմամբ՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը՝ «Դաեշը», չորեքշաբթի պայթեցրել է Մոսուլի կենտրոնում գտնվող միջնադարյան ան-Նուրի մզկիթը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

2014թ․ Իսլամական պետության առաջնորդ ալ-Բաղդադին այս մզկիթում հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում «Դաեշի» գրավյալ բոլոր տարածքները «Իսլամական խալիֆայության» մաս են: Պայթյունից հետո «Դաեշի» «Ամաք» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պատմական ալ-Նուրի Մզկիթը, իրականում, պայթեցվել է ամերիկյան օդուժի կողմից:

Ըստ նույն աղբյուրի՝ պայթյունները տեղի են ունեցել Մոսուլի «Հին քաղաքում»՝ մզկիթից 50 մետր հեռավորության վրա, Իրաքի հակաահաբեկչական ծառայության իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը անմիջապես հերքել է հնչեցված մեղադրանքները:

Իրաքի զինուժի մամուլի կենտրոնի տարածած լուսանկարում երևում է, թե ինչպես է մզկիթն ու մինարեթը հողին հավասարվում «Հին քաղաքի» բնակելի տների կողքին: