Արաբական երկրները 13 պահանջ են ներկայացրել Կատարին

Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած արաբական չորս երկրներ 13 պահանջից բաղկացած ցանկ են ներկայացրել Դոհային։ Պահանջների թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակում, տարածաշրջանային հակառակորդ Իրանի հետ կապերի կրճատում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրներից մեկի պաշտոնյայի։ Պահանջները միտված են Ծոցի ճգնաժամի հանգուցալուծմանը։

«Դոհայի անկախ արտաքին քաղաքականությունը, Իրանի հանդեպ խաղաղասեր դիրքորոշումը, աջակցությունը իսլամիստական որոշ խմբավորումների, մասնավորապես, «Մուսուլման եղբայրներին», հարուցել են նրա հարևանների դժգոհությունը, որոնք քաղաքական իսլամը դիտարկում են որպես սպառնալիք իրենց միապետական կառավարմանը»,- նշում է գործակալությունը։

Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Բահրեյնի կազմած ցանկի պահանջների թվում է նաև Կատարում թուրքական ռազմաբազայի փակումը։

«Անհապաղ վերջ տալ թուրքական ռազմական ներկայությանը Դոհայում և դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը Կատարի ներսում»,- Associated Press-ը մեջբերում է պահանջներից մեկը։

Ծոցի ճգնաժամի սկսվելուց ի վեր Թուրքիան աջակցում է Կատարին՝ ուղարկելով սնունդ և Կատարում տեղակայելով զորակազմ։

«Կատարը բոյկոտի պայմանններում չի բանակցի»

Արաբական չորս երկրները Կատարին մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելու, տարածաշրջանային կայունությունը խարխլելու, Իրանի հետ մերձենալու մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները։

Reuters-ը հաղորդում է, որ Կատարի պաշտոնյաները պահանջները մեկնաբանելու հարցմանը չեն արձագանքել։ Երկուշաբթի օրը Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին ասել է, որ Կատարը չի բանակցի չորս պետությունների հետ, մինչև նրանք չվերացնեն իրենց սահմանափակումները։

Քուվեյթի միջնորդությամբ ներկայացված ցանկը Կատարից պահանջում է նաև դադարեցնել չորս երկրների ներքին ու արտաքին գործերին միջամտությունը, այդ թվում՝ հրաժարվել չորս երկրների քաղաքացիներին Կատարի քաղաքացիության շնորհման պրակտիկան։

Ծոցի ճգնաժամի մասին ավելին՝ Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ։

Մեկնաբանել