Ադրբեջանում «կպարզեն»՝ իրականում ինչ հայտարարություն է արել ՀՀ-ում Չեխիայի դեսպանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կդիմի Չեխիայի արտաքին գործերի գերատեսչություն՝ «պարզելու, թե արդյոք այդ հայտարարությունն արել է Հայաստանում Չեխիայի դեսպանը»․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Հայաստանում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Միկիսկան NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը «արտահանձնման իրավաբանական ինստիտուտը քաղաքական քարոզչության նպատակներով է գործածում»։ Այս հայտարարությունը դեսպանն արել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների (ֆրանկ Էնգել (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոխարուս (Կիպրոս) ու Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու համատեքստում։ Ադրբեջանում կարծում են, որ դեսպանն այդ հայտարարությամբ, ընդհակառակը, «քաղաքականացնում է իրավական հարցերը, որոնք ունեն քրեական բնույթ»։

«Վերոնշյալ դեպքում Ադրբեջանը առաջնորդվել է քաղաքական, այլ ոչ թե իրավական դրդապատճառներով։ Որոշ իրավաբաններ ասում են, որ ադրբեջանական սահմանի այսպես կոչված «ապօրինի հատումը» հանցագործություն չէ այլ երկրներում, հետևաբար Բաքվի կողմից տրամադրված հետախուզության օրդերը չպետք է իրավաբանորեն պարտադիր համարվի։ Մյուս փաստաբաններն էլ ասում են, որ Ադրբեջանը չի վերահսկում սահմանը, որը հատել են Ալեքսանդր Լապշինը կամ Յարոմիր Շտետինան, հետևաբար Բաքվի պահանջը իրավական տեսակետից սխալ է։ Դա շատ նուրբ ու բարդ իրավիճակ է»,- նշել է Պյոտր Միկիսկան։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը «հիշեցրել է», որ Ադրբեջանի «գրավված տարածքներ ապօրինի այցելություն կատարած անձանց դեմ, որոնք տարածքային ամբողջականության խախտման բաց կոչեր են անոմ, հարուցվում են քրեական գործեր»։ Ադրբեջանցի պաշտոնյան մատնանշել է Եվրախորհրդարանի չեխ անդամ Յարոմիր Շտետինային։

***

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս տարվա փետրվարին միջազգային հետախուզում էր հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար: Եվրապատգամավորների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Լեռնային Ղարաբաղ պարբերական «ապօրինի այցելությունների» համար:

Մեկնաբանելով Բաքվի որոշումը՝ մասնավորապես Ֆրանկ Էնգելն ասել էր, որ «երկրագնդի և ոչ մի այլ տարածքում ընդունելի չէ, որ որևէ մեկի դեմ կարելի է դատական հետապնդում սկսել կամ նրան կալանավորել այն բանի համար, որ նա որոշակի վայր է գնացել․ դա միայն Ադրբեջանն է անում»։

Յարոմիր Շտետինան էլ չեխական Aktualne պարբերականի հետ զրույցում ասել էր, որ «արդեն 25 տարի Արցախում փաստացիորեն չեն գործում ադրբեջանական օրենքները»։ Հարցին, թե արդյոք մտավախություններ չունե՞ր, որ նրան էլ կարող են արտահանձնել Ադրբեջանին բլոգեր Լապշինի պես, Շտետինան պատասխանել էր, որ «չի պատրաստվում Միսնկ գնալ»։

Այս տարվա փետրվարին Բելառուսը Ադրբեջանին էր արտահանձնել ավելի վաղ իր տարածքում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը, որի գործով քննությունը վարում է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը, գործում որպես մեղադրյալ է ներգրավված՝ Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատման», «երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված բաց կոչերի» մեջ։ Երեկ մեկնարկել է Լապշինի գործով դատավարությունը։ Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ, կոչեր է հնչեցրել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ։

Լուսանկարում՝ Պետր Միկիսկան կենտրոնում է։

Մեկնաբանել