Հայաստանի տարբեր հատվածներում վերջին ամիսներին հայտնվել են գովազդային վահանակներ՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» գրությամբ։ Վահանակների վրա տեղ գտած հարցադրումը բավական բուռն քննարկումների թեմա է դարձել հայաստանյան օգտատերերի շրջանում։ Շատերը նման բովանդակության վահանակների գաղափարն անհաջող են համարել։ Սիվիլնեթը փորձեց պարզել, թե ով է, օգտատերերի բնորոշմամբ, «մուննաթ պարունակող» վահանակների գրության հեղինակը, և որքան գումար է ծախսվել դրանց վրա։
«Հայաստանում տեղադրված պաստառների հեղինակը սփյուռքի նախարարությունն է, որն այդ նպատակով գումար չի ծախսել»,- պատասխանեցին սփյուռքի նախարարությունից։
Այն բարեգործական հիմունքներով տպագրել է «Զեբրա» ընկերությունը։
Հայաստանում այդպիսի գրությամբ 9 պաստառ է տեղադրվել։
Գովազդի համար ՀՀ սփյուռքի նախարարությունը գումար չի ծախսել։
«Նախարարության բյուջեում գովազդների պատրաստման ծախսեր չեն նախատեսվում։ Պատրաստվում են միայն նախարարության միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ սոցիալական գովազդներ, որոնք հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվում են անվճար»,- պատասխանեցին ՍիվիլՆեթին։
Դե ինչ, ամեն մեկն իր պատասխանն ունի, թե ինչ է անում Արցախի համար։
Անի Գրիգորյան