Նոր քրեական գործ՝ դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի փաստի առթիվ

«Սասնա ծռերի» գործով հունիսի 21-ի դատական նիստի ընթացքում խմբի անդամ, գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի կոչերի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ասված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

«Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2017թ. հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում գործով ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:

Հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- նշվում է հաղորդագրությունում:

***

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն ընթանում էր լարված և ընդհատումներով։ Նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանը վանկարկել է. «Զինված ապաստամբության կոչ եմ անում, վերացրեք Սերժիկի ռեժիմին»: Դրան ի պատասխան դատավորը հայտարարել է, որ սանկցիա է կիրառում Վարուժան Ավետիսյանի նկատմամբ և նրան հեռացրել նիստից` չնշելով, թե որքան ժամանակով: Դատական նիստը հետաձգվել է։ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ ինքն այլևս ներկա չի լինի նիստերին, եթե ներկա չլինի իր պաշտպանյալը:

Մեկնաբանել