Գերմանիան Էրդողանի թիկնապահներին թույլ չի տալիս մասնակցել Մեծ քսանյակի գագաթաժողովին

Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին թույլ չեն տալիս մասնակցել հուլիսին Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին։ 

Deutsche Welle-ն, հղում անելով գերմանական պարբերականներին, գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը անցյալ ամիս Վաշինգտոնում ցուցարարների դեմ բռնություն գործադրած թուրք թիկնապահներին նախազգուշացրել է, որ չմասնակցեն գագաթաժողովին։ Նախազգուշացումներն ապա փոխանցվել են Բունդեսթագի անդամներին՝ փակ հանդիպումների ընթացքում, ըստ Die Welt-ի։ 

Համբուրգ քաղաքի սենատոր Էնդի Գրոթը պարբերականին ասել է․ «Մեր փողոցներում խոսքի իրավունք ունի միայն Համբուրգի ոստիկանությունը, ուրիշ ոչ ոք, այդ թվում՝ օտարերկրյա անվտանգության ուժերը»։

Ըստ գերմանական մեկ այլ պարբերականի՝ Hamburger Abendblatt-ի, Թուրքիայի դեսպանությունը Գերմանիայի ԱԳՆ է ուղարկել 50 անձանց անունները, որոնք պետք է ուղեկցեն Էրդողանին Համբուրգ այցի ընթացքում։ Ցանկում, ըստ ամենայնի, ներառված են եղել այն թիկնապահները, որոնք մասնակցել են անցյալ ամիս Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին։

***

Մայիսի 16-ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով էին դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ ակտիվիստները: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ տեղի ունեցած միջադեպի մասին, որում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, իր թիկնապահներին հրահանգում է հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։ 

Հունիսի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որը խիստ դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ։

Հայտնի է, որ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի իշխանությունները քրեական մեղադրանքներ կառաջադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 12 աշխատակիցների և ոստիկանների դեմ, որոնք մայիսի 16-ին հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց գտնվող ցուցարարների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ամերիկյան իշխանությունների գործողություններին՝ պաշտպանելով ցուցարարների դեմ բռնություն գործադրած իր աշխատակիցներին, ամերիկյան իրավապահներին էլ մեղադրելով անգործության մեջ։

Թուրք-գերմանական հարաբերությունները մեկ տարուց ավելի է՝ լարված են։ Անցյալ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ վրդովված Թուրքիան թույլ չէր տվել գերմանացի խորհրդարանականների մուտքը Ինջիրլիքի ռազմակայան։ Հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ Գերմանիան ու մի շարք եվրոպական երկրներ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք պաշտոնյաներին չէին թույլատրել իրենց տարածքներում հանրահավաքներ անցկացնել։ Թուրքիան սկսել է կրկին խոչընդոտել գերմանացի խորհրդարանականների մուտքը Ինջիրլիքի ռազմակայան, ինչին ի պատասխան Գերմանիան որոշել է դուրս բերել իր 250-հոգանոց զորակազմը Թուրքիայի ռազմակայանից և այն տեղափոխել Հորդանան։ Անցյալ շաբաթ Բունդեսթագը հավանություն է տվել զորակազմի դուրսբերման որոշմանը։

Ստելլա Մեհրաբեկյան